Հայաստանից կմասնակցի Հենրիխ Մխիթարյանի մայրը
Փետրվարի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա 2017թ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, վիճակահանության ժամանակ մեր հանրապետությունը կներկայացնեն ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրն է: Ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Վերջին տարիների համեմատաբար հաջող ելույթների շնորհիվ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ, ինչպես եւ նախորդ վիճակահանությունների ժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարող ընդգրկվել ընտրական նույն խմբում: