Գերմանիան ցանկանում է մարզիչներին վերապատրաստել Հայաստանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Լայպցիգի համալսարանի սպորտային գիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների գործադիր տնօրեն Դանիել Էկերտ Լինդհամմերին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լայպցիգի համալսարանի կողմից կազմակերպվող մարզիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներն այս տարի Հայաստանում անցկացնելու առաջարկությունը: Գաբրիել Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել այդ նախաձեռնության համար` ընդգծելով, որ կարվի ամեն ինչ հայ մարզիչների մասնակցությունն այդ ծրագրերին ապահովելու համար: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Լայպցիգի համալսարանում հայ մարզիչների վերապատրաստման դասընթացներ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են մարզակառույցների, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների, մարզադպրոցների ղեկավար անձնակազմի համար Հայաստանում մարզչական մենեջմենթի դասընթացներ կազմակերպելու եւ անցկացնելու հարցեր: Վերջին պայմանավորվածությունը կասկածի տեղիք է տալիս, քանի որ Հայաստանում տարբեր սպորտաձեւերի ազգային ֆեդերացիաների նախագահների մեծ մասը կամ բարձրաստիճան չինովնիկներ են, կամ էլ գործարարներ, եւ նրանց դժվար թե հետաքրքրի սպորտային մենեջմենթը: