«Շիրակի» կայքը փակվեց
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներն առանձնակի չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Մեկը մարզադաշտ ունի, բայց մարզաբազա չունի, մյուսը` հակառակը, իսկ առաջնության առաջատար «Ուլիսը» ոչ այն ունի, ոչ էլ մյուսը: Ավաղ, մեր ակումբները կաղում են նաեւ ինֆորմացիոն դաշտում: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի՝ բարձրագույն խմբի 8 ակումբներից ներկայումս միայն 4-ը կայք ունեն: 21-րդ դարի ամենատարածված լրատվամիջոցներից օգտվում են «Ալաշկերտը», «Արարատը», «Բանանցը» եւ «Փյունիկը», սակայն վերջինիս կայքն արդեն մի քանի ամիս չի գործում: Մինչ վերջերս ինտերնետային լրատվամիջոց ունեին «Շիրակն» ու «Միկան», սակայն այդ ակումբները նույնպես փակել են դրանք: Այդ մասին վկայում են ՀՖՖ-ի մեր ակումբների մասին ունեցած վերջին տվյալները: Ինչ վերաբերում է «Ուլիսին» եւ «Գանձասարին», ապա առաջինը ժամանակին բացել էր իր սեփական կայքը, բայց շատ արագ էլ փակել էր այն, իսկ Կապանի «Գանձասարն» ընդհանրապես աշխատանք չի տարել այդ ուղղությամբ: