Կալանավայրը 5 տարի է` բժիշկ չունի (տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մեկ բանտարկյալի վրա ծախսվող գումարի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում։ Կառույցի զեկույցում արձանագրվել է հայաստանյան բանտերի այն տխուր պատկերը, որի մասին մշտապես խոսում են հայ իրավապաշտպանները։ «Եթե խորանային, այլ հարցերում, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակին, ավելի մտահոգիչ զեկույց կարող էր լինել։ Նրանց օրական գումար է տրվում, եւ ընդհանրապես այդ գումարն ինչպե՞ս է ծախսվում եւ արդյո՞ք ազատազրկվածներն այդ սնունդով են գոյատեւում, թե՞ այլ միջոցներով»,- նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Զեկույցն ընդգրկում է 2013թ. տվյալները։ Օրական միջին ծախսը մեկ բանտարկյալի հաշվով գնահատվել է 6.65 եվրոյին համարժեք դրամ։ Դա 15 անգամ ավելի փոքր է, քան ԵԽ անդամ շատ երկրներում։ Այնտեղ միջինը 98 եվրո է։ «Դատապարտյալները եւ կալանավորները նախապատվությունը տալիս են դրսից բերված սնունդին, շատ են մարդիկ, ովքեր հրաժարվում են սնունդից։ Դեպքեր կան՝ սնունդը տեսնում ես դժվար է ասել, որ դա սնունդ է»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը։ Կալանավորներին, սակայն, սննդի, պահման պայմանների հարցը այնքան էլ չի մտահոգում։ Նրանց հետաքրքրում են վաղաժամկետ ազատ արձակման եւ բուժսպասարկման խնդիրները։ «Իրենց մոտեցումն այսպես է. եթե այդ խնդիրը լուծվի, դա ոչինչ, տանելի է»,- ավելացնում է Ռուբեն Սարգսյանը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է միջինից. «Բուժսպասարկման խնդիրները առկա են։ Եթե չեմ սխալվում, Վանաձոր ՔԿՀ-ն մինչ օրս չունի բժիշկ, արդեն 4-5 տարուց ավել է՝ չեն կարողանում գտնել բժիշկ»,- նշում է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավարը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ավելացնում է՝ իշխանությունը պետք է ցանկություն ունենա կալանավայրերում իրավիճակը փոխելու համար. «Դա նշանակում է, որ անկախ այն բանից թե մարդիկ ինչու են հայտնվել ճաղերից այն կողմ, մեր քաղաքացիներն են, մարդիկ են եւ նրանց արժանապատվությունը պետք է պահել։ Հայաստանի իշխանությունների համար այդ համակարգը եւ անձիք անտեսված համակարգ են եւ ավելին ասեմ՝ գործում է վատ իմաստով, որպես պատժիչ գործիք եւ կոռուպցիայի հսկայական մի ոլորտ»։ Ի դեպ, եվրոպական երկրներում բանտարկյալի վրա ծախսվող գումարի չափը նվազել է տնտեսական ճգնաժամի ընթացքում, եւ դա իր բացասական ազդեցությունն է թողել անազատության մեջ գտնվողների կյանքի որակի վրա։