Մ. Տեր-Գուլանյան. Ձեր ծնողները «Գարուն» էին կարդում, դուք պետք է «Անդին» կարդաք
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհու պատրաստած սուրճը, թեեւ մի քիչ ջրիկ էր, բայց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանը հավանեց. «Ես թունդ եմ սիրում, բայց ճաշակին ընկեր չկա»։ Գիրք նվիրելու օրը ուսանողների հետ հանդիպման էր եկել Մերուժան Տեր–Գուլանյանը, ով անկեղծացավ. դժվարահաճ է սուրճի, ծխախոտի եւ կանանց նկատմամաբ։ Ուսանողներին հետաքրքրող երկու թեմաներից զատ, կարմիր շարֆ կապելու եւ սպիտակ վերարկու հագնելու սովորության մասին պատմելուց հետո, անդրադարձավ «Անդին» ամսագրին, որը փոխարինում է «Գարուն» ամսագրին. «Ձեր ծնողները Գարուն էին կարդում, դուք պետք է Անդին կարդաք»։ Իսկ թե ինչու «Անդին»՝ ասում է. «Այսինքն այս քստմնելի աշխարհից այն կողմ ենք մենք»։ «Անդինը» այսօր ունի 3500 տպաքանակ. «Եթե որեւէ օլիգարխի թեւի տակ չես, ոչ մեկի դուդուկի տակ չես պարում, ապա այսօր դժվար է հրատարակել ամսագիր։ Իսկ այդ պայմաններում 3500 տպաքանակը վատ չէ»։ Խոսելով արտագաղթից, նկատում է. «Հայաստանում լավ աշխատանք կա։ Գնում Ռուսաստանում են աշխատում, մի սենյակ են տալիս, որտեղից դուրս գալու համար փաստաթուղթ է պետք, իսկ այստեղ նման բան չկա։Եթե Հայաստանում արդարություն լինի, ոչ մեկ չի նեղանա եւ ասի, որ փողը քիչ է»։