Հաղթեցին ՀՀ պետական զինանշանն ու Սուրբ Գայանե եկեղեցին. լուսանկարներ
Ջերմուկում երեկ ամփոփվեցին «Ձնեմարդուկ-2015» ամենամյա 4-րդ փառատոնի արդյունքները:
Փառատոնին մասնակցող 4 մասնագիտացված եւ 80 սիրողական խմբերի աշխատանքներից հաղթող ճանաչվեցին 2-ը` ՀՀ պետական զինանշանի եւ Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու ձնե քանդակները: Հաղթող 2 թիմերն էլ Ջերմուկից էին եւ որպես մրցանակ ստացան հեծանիվներ:
Այս տարի փառատոնին միացել էր «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան» ` «Մարզային գավաթ 2» հեծանվային մրցարշավով, որի հաղթող ճանաչվեց Էմիլ Ասատրյանը` Երեւանից: Փառատոնի շրջանակներում Կարին ավանդական երգի պարի համույթն անցկացրեց հայկական պարերի բաց դաս ջերմուկցիների ու քաղաքի հյուրերի համար: Ձյունե հսկա կրիայի, ինքնաթիռի, Զվարթնոց տաճարի, նապաստակի, դինոզավրի, զուռնա-դհոլ նվագող երաժիշտների կողքին լուռ կանգնած էին ծիծեռնակաբերդի մի քանի քանդակներ` նվիրված մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Եղանակային պայմանների ու անբարենպաստ քամու պատճառով կազմակերպիչների խոստացած օդապարիկն այդպես էլ չզարդարեց Ջերմուկի երկինքը, սակայն այդ փաստն ամենեւին չփչացրեց տոնական տրամադրությունը:
Ջերմուկում աշխուժություն առաջացրած «Ձնեմարդուկ-2015» փառատոնը մեկնարկել էր փետրվարի 20-ին:
Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի գլխավոր նպատակը սկսել է իրականանալ։
«Այս տարի փառատոնի ժամանակ Ջերմուկի հյուրանոցները լեփ լեցուն էին այցելուներով»,- շեշտեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հ/կ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ` հավելելով, որ փառատոնի հիմնական նպատակը Ջերմուկում ձմեռային զբոսաշրջության զարգացումն է:
Փառատոնի շրջանակներում Ջերմուկի ճոպանուղին գործում էր 50% զեղչով: