Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանյան պայքար. որ գայլերը կուշտ լինեն,իսկ ոչխարները՝ ողջ (տեսանյութ)

Հասարակություն
hoktanyan

Կառավարության կողմից Հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծելու որոշմանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավարը հոռետեսությամբ է վերաբերվում։ «Որքանո՞վ այդ խորհուրդն ի վիճակի կլինի կանխել կոռուպցիան։ Ընդհանրապես՝ երկու ճանապարհ կա՝ նվազեցնելու կոռուպցիան. իշխանափոխություն և քաղաքական կամքի դրսևորում»,-շեշտել է Վարուժան Հոկտանյանը։ Եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավորներ ներգրավվեն խորհրդում, այդ հույսեր չի ներշնչում։ «Այս մարմինը խորհրդակցական է լինելու, իսկ եթե հաշվի առնենք, որ վարչապետն է լինելու դրա ղեկավարը, այսինքն, նա միայն խորհուրդներ է լսելու և փորձելու կիրառել»,-ասել է նա։ «Այսօրվա դրությամբ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա։ Այն մոտեցումն է գործում, որ և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները՝ ողջ։ Կոսմետիկ քայլեր են կիրառվում, բայց լուրջ պայքար չեմ տեսնում»,-եզրափակել է Հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավարը։ Ըստ նրա՝ Հայաստանում կոռուպցիան հիմնականում դրսևորվում է բյուջետային միջոցների մսխման, հովանավորչության և պաշտոնական դիրքի չարաշահման ձևով։ Այն, որ վերջին տարիներին երկրում էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրվում մի քանի կառույցներում, պարոն Հոկտանյանը խնդրի լուծում չի համարում։ Ասում է՝ դա շատ քիչ է մեծ չափերի կոռուպցիա ունեցող երկրում այն նվազեցնելու համար։ Մեկ այլ խնդիր է բիզնեսի և քաղաքականության սերտաճած լինելը, մոնոպոլիզացիան, դատական մարմինների ոչ ազատ լինելը։