Աղջիկները չեն ամուսնանում՝ Մոխրոտիկից ազդված. Ա. Ադիբեկյան (տեսանյութ)
Մեր եթերում պակասում են մանկական ծրագրերը, ֆիլմերն ու մուլտֆիլմերը՝ վստահ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Կարծում է, որ վաղ մանկական տարիքից երեխան պետք է դաստիարակվի լայն միջավայրում։ «Եթե երեխան 3-5 տարեկան հասակում չի մտնում հասարակություն, մնում է մաուգլի, կապիկ»,-վստահ է նա։ Խնդրի լուծումը սոցիոլոգը տեսնում է հեռուստաընկերություններին ֆինանսավորում տալու մեջ, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան գումար ծախսել մանկական ծրագրերի վրա։ Նա նաև շեշտել է. միշտ չէ, որ թվացյալ սարսափելի ֆիլմերն ու մուլտֆիլմերը կարող են բացասական ազդեցություն թողնել։ «Ամենասարսափելի կիլլեր ֆիլմը Կարմիր գլխարկն է, երբ գայլն ուտում է տատիկին։ Բայց տարբեր երեխաներ տարբեր ձևով կարող են դա ընկալել»,-ասել է պարոն Ադիբեկյանը։ Այս համատեքստում սոցիոլոգը կարևորում է նաև կրթական ծրագրերը, որոնք կբարձրացնեն մանուկների IQ-ն։ Նա ուսումնասիրել է երկրի մի քանի հազար բնակչի՝ այդ թվում մանուկների կրթական մակարդակը։ Ասում է՝ հեռավոր գյուղերից մեկում մի դպրոցահասակ երեխայի IQ-ն 124 էր, մինչդեռ օրինակ մեր Կառավարության ցուցանիշն 94 է, Երևանի պետական համալսարանինը՝ 92։ Հոգեբան Աննա Բադալյանը կարևորում է երեխայի լեզվամտածողությունը, որն էլ ձևավորում է նրա աշխարհայացքը։ Եվ այս առումով եթերում պետք է հնչի մաքուր, գրական հայերենը, քանի որ մանուկները շատ արագ ընդօրինակում են լեզուն։ Խոսելով հեքիաթների մասին, հոգեբանը շեշտել է. «Ֆրանսիացի հոգեվերլուծողները ուսումնասիրելով մի քանի հեքիաթների ազդեցությունը, հանգել են այն մտքին, որ օրինակ «Մոխրոտը» բավականին բացասական է ազդում աղջիկների վրա»։ Պատճառն այն է, որ աղջիկը մեծանալով, տարիներ շարունակ կարող է սպասել իր արքայազնին՝ հույսը դնելով հրաշքի վրա։ «Մեզ մոտ տասնյակ հազարավոր օրիորդներ չեն ամուսնացել, որովհետև այդ արքայազնին են սպասում»,-հավելել է պարոն Ադիբեկյանը։ Իսկ հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին վաղ տարիքում հրամցնել վառ, պատկերավոր մուլտֆիլմեր, որոնք ձգտում են առաջացնում դեպի բարին ու գեղեցիկը։ Իսկ մանկապատանեկան տարիքում արժե արկածային գրականություն կարդալ։