ՌԴ Դատախազությունը չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն, իրոք, ասում է, որ ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը: ՀՀ Տարածք է Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնություն է: Այսինքն` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե Ռուսաստանի՝ այլ Հայաստանի տարածքում է. հետևաբար, ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա: Ավելին, ռուսական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է Ռուսաստանում… Այսինքն, ըստ ՌԴ դատախազության, 102-րդ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է: ՀՀ Սահմանադրությունն է գործում Քանի որ 102-րդ ռազմակայանի տարածքը ՀՀ տարածք է, ուստի` այդտեղ չի գործում Ռուսաստանի Սահմանադրությունը: Ավելին, որևէ մի պայմանագրով կասկածի տակ չի դրվում այն հանգամանքը, որ ռազմակայանի տարածքում գործում է Հայաստանի Սահմանադրությունը: Սակայն այդ ռազմակայանի գործունեության հիմնական կարգավորումները տրվում են շուրջ տասը հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, որոնք գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ: Այսինքն` Հայաստանի օրենքները ՌԴ ռազմակայանում գործում են մասնակի, սակայն ոչ մեկ չի չեղարկել այդ տարածքում ՀՀ Սահմանադրության ուժը: Ավելին, քանի որ Հայաստանի տարածքում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար որևէ կերպ դրա գործողության տարածքը չի կարող փոքրացվել և այն չի կարող «որոշ դեպքերում» չեղարկվել: Դատարանները «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» նախկինում արդեն ներկայացրել է հայ-ռուսական պայմանագրերի այն դրույթները, որոնց համաձայն Պերյմակովը պետք է փոխանցվի Հայկական կողմին: Սակայն այժմ հարկավոր է փաստել, որ ՌԴ դատախազության՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված նամակով ռուսական կողմը
- Չի հարգում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի պահանջները,
- Չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը: