Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոսո Պավլիաշվիլին երեւանյան ակումբներից մեկի համասեփականատերն է

Հասարակություն
սօսօ

Մայիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչուհիներ Անչոկի, Նարի Հարությունյանի և ազգությամբ վրացի, ռուսական էստրադայի վառ երգիչներից մեկի`Սոսո Պավլիաշվիլիի համատեղ համերգը: Ծրագրում լինելու են հիմնականում նոր երգեր, բայց կհնչեն նաև արդեն սիրված գործերը: Երգչուհիները խոստովանում են. իրենց համար էլ այդ օրը շատ անակնկալներ կլինեն։ «Առաջին անգամ մեզ իսկապես երգչուհի ենք զգում մեր կարիերայի ընթացքում, քանի որ չենք խառնվել ոչ մի կազմակերպչական հարցի և միայն երգելով ենք զբաղված: Դա նրանից է, որ «Ֆորպոստար» ընկերության գերպրոֆեսիոնալ կազմն է աշխատում մեզ հետ` Զառա Մխեյանի ղեկավարությամբ»,-անկեղծանում է Նարի Հարությունյանը: «Կենդանի նվագակցություն է լինելու, հիմա երգերն են պատրաստվում»,-հավելում է Անչոկը: Իսկ ինչպե՞ս սկսվեց ռուսական էստրադայի հայտնի երգչի հետ համագործակցությունը. «Առաջին հերթին Սոսոն մեր լավ ընկերն է և հետո`գործընկերը: Ինչու գործընկեր, որովհետև մոտ 7 ամիս է` իմ ու Անչոկի համատեղ հիմնած ակումբի համասեփականատերն է նաև ինքը»,-պատմում է Նարին: Պարզվում է`Պավլիաշվիլիի ընտանիքի անդամները հաճախ են եղել երգչուհիների` 4 տարի առաջ հիմնած, Հայաստանում միակ շանսոն ակումբում: Սոսոյին հետաքրքրել է, թե ինչու են հարազատները հենց այդ ակումբ հաճախակի այցելում: Հետաքրքրությունը բերեց նրան, որ ավելի ուշ նա առաջարկեց երգչուհիներին դառնալ գործընկերներ։ Երգչուհիները խոսեցին նաեւ տեսահոլովակների թանկ լինելուց. «Անկախ տեսահոլովակների քանակից, երգչի հոնորարը չի կարող բարձրանալ: Եթե մեր ամենապահանջված արտիստներից մեկն օրինակ կես ժամ երգելու համար 20.000 դոլար է ուզում, տարեկան մեկ, թե տասը տեսահոլովակ նա նկարահանի` միևնույն է, հոնորարը նույնն է մնալու: Պատճառն այն է, որ փոքր երկիր ենք, ի տարբերություն մյուսների, որտեղ շատերի հոնորարը տարեցտարի բարձրանում է»,-ասում է Նարին: Երգչուհիներն ուրախ ու անմիջական համերգ են ակնկալում: Չի բացառվում նաև, որ նրանք այդ օրը զուգերգով հանդես կգան: