Կնոջ կերպարը հայաստանյան մեդիայում. media.am
Հայաստանի բնակչությունը հեռուստացույց է դիտում օրական միջինը 4 ժամ:
Հեռուստատեսությունը վարքագիծ եւ աշխարհայացք է ձեւավորում` հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում:
Մի շարք միջազգային հետազոտություններ ցույց են տալիս, որ ուղղակի կապ կա երիտասարդների ագրեսիվ պահվածքի եւ բռնության տեսարաններով լեցուն հեռուստատեսային եթերի միջեւ:
Մեդիան կարող է ձեւավորել եւ կոտրել կարծրատիպեր մարդկանց եւ երեւույթների մասին: Շատ կարեւոր է ընկալել ու ճիշտ օգտագործել այն հզոր ազդեցությունը, որ մեդիան ունի մարդկանց մտածելակերպի ձեւավորման գործում: Հատկապես կարեւոր է մեդիայի (գովազդի, ֆիլմերի, լրատվության) ուսուսմնասիրությունը կանանց եւ տղամարդկանց պատկերման տեսակետից:
Այդ ուսումնասիրություններում նշանակություն ունի ամեն մի մանրուք՝ ինչպես եւ ինչ սոցիալական դերերում են պատկերվում կինը կամ տղամարդը, ներառյալ ֆիզիկական դիրքը, հագուստը (կամ հագուստի բացակայությունը), մարմնի լեզուն, ժեստերը, ձայնը, խոսքի բովանդակությունը եւ այլն:
Կանանց եւ տղամարդկանց դերերի մասին սոցիալական ընկալումները ձեւավորվում են սոցիալականացման ինստիտուտների ազդեցությամբ, ինչպիսիք են ընտանիքը, շրջապատը, դպրոցը: Սոցիալականացման ամենակարեւոր ինստիտուտներից է մեդիան: Այն ազդում է կնոջ մասին ստեղծված հասարակական ընկալումների վրա եւ ցույց տալիս, թե ինչ դերեր են վերագրվում նրան, ու ինչ սպասելիքներ ունենք նրանից:
Երբ ուսումնասիրում ենք մի շարք խնդիրներ մեր երկրում, ինչպես, օրինակ, կանանց ցածր ներգրավվածությունը Ազգային ժողովում եւ կառավարման այլ մակարդակներում կամ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, փորձում ենք նաեւ հասկանալ, թե այս խնդիրների լուծման ճանապարհին ինչպիսի գործոն է կնոջ դերի ընկալումը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում