Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին. Կաթողիկոս

Հասարակություն
daad0352e489b309c8715fb2d636c5c8

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով: Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ: Արդարև, կանանց կոչմանց մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի: Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում`  լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը: Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»: Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն: