Կատաղած շները գայլերից շատ են ու առավել վտանգավոր. ահազանգ (տեսանյութ)
«Արփի լճի տարածքում 2014 թ. կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ավելի շատ կատաղած շներ են հարձակվել գյուղական տնտեսությունների վրա, քան գայլեր»,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։ Վերջինս նաև հավելեց, որ գայլերի ոհմակի մեջ կա մի ստվար զանգված, որոնք իրականում ոչ թե գայլեր են, այլ վայրենացած շներ, որոնք թափառելով գայլերի հետ՝ հարձակվում են ընտանի կենդանիների և տնտեսությունների վրա։ «Եթե գայլը փորձում է այդ կերպ իր համար սնունդ հայթայթել, ապա կատաղությամբ հիվանդ շունը պարզապես հոշոտում է ամեն ինչ»,-նշում է նա։ Տիկին Ադամյանի խոսքերով՝ բազմաթիվ եվրոպական երկրներում կան տարբեր մեթոդներ կատաղած շների դեմ պայքարելու համար. Օրինակ՝ ինչպիսին է նրանց բնակելի տարածքներից մեկուսացնելը, կատաղության դեմ ներարկումներ անելը, նրանց ճիճվաթափելը, իսկ մեզ մոտ կիրառվում է միայն նրանց վրա կրակելու, ոչնչացնելու տարբերակը,մինչդեռ կենդանիների նկատմամբ պետք է դրսևորել այլ մոտեցում, նրանց համար կացարաններ տրամադրել։ «Կար այդպիսի կազմակերպություն, որը վայրի շների մեկուսացմամբ էր զբաղվում (նկատի ունի «Յունիգրաֆ իքս» ընկերությունը-խմբ.), որը, սակայն, այս տարի տենդերը չի շահել։ Բանախոսի տեղեկացմամբ՝ կան վայրենացած շների հարձակումներից տուժած մի քանի տնտեսությունների դեպքեր, դրա մասին են վկայում նաև WWF կազմակերպության մոնիթորինգի տվյալները։ Սիլվա Ադամյանի խոսքերով՝ Բնապահպանության նախարարությունում խնդրին տեղյակ են, սակայն նրանք պատշաճ մոտեցում չեն ցուցաբերում, և քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ։