Այս տարի ուռուցքաբանական վիրահատությունների թիվը մեծացել է
ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգայի կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվեցին կենտրոնի վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը: Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման նուղղված աշխատանքները: Արմեն Տանանյանը նշեց, որ կենտրոնի 580 բուժանձնակազմը տարեկան բուժօգնություն է մատուցում շուրջ 40 հազար մարդու: 2015թ. առաջին երկու ամիսներին կենտրոնում կատարվել է 660 վիրահատություն, ինչը 40-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նա ներկայացրեց հիվանդացության և մահացության ցուցանիշները: Անդրադարձ կատարեց նաև կենտրոնում պետական պատվերի տեղադրման, համավճարի ներդրման, դեղերի ձեռքբերման գործընթացներին, դրանց թափանցիկության ապահովմանը: Ներկայացնելով կենտրոնի ֆինանսատնտեսական ցուցանիշները` ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ընդգծեց, որ 2012թ. հոկտեմբերից համավճարի ներդրմամբ կենտրոնի ֆինանսական հոսքերն առավել վերահսկելի, թափանցիկ և կանոնակարգվածենդարձել: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ, համալիր միջոցառումներ, ինչպես նաև պատշաճ հսկողություն: Ամփոփելով խորհրդակցությունը`ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աչքի է ընկնում իր որակյալ, կայացած մասնագետներով: Նա նշեց, որ լավագույն ցուցանիշներին հասնելու համար երկարամյա պատմություն ունեցող բժշկական այս հաստատության զարգացմանը, խնդիրների լուծմանը միտված ծրագրերը պետք է շարունակական լինեն: Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ինչպես նաև կենտրոնի ղեկավարությունը պատասխանեցին բուժաշխատողների հարցերին: Կարևորվեց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնված կազմով հաջորդ քննարկումն անցկացնել սեպտեմբերին: