Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրաքվեով կարող ենք մասնակի զիջել մեր ինքնիշխանությունը». ՀՀԿ պատգամավոր

Քաղաքականություն
gagik-melikyan

Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո նա չի հավակնի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի աթոռին: «Պատմության մեջ երբեւէ ինքը իր խոսքերից չի հրաժարվել»,- արձանագրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Պարոն Մելիքյանը ծանոթ է փոփոխությունների փաթեթին։ Այնտեղ մեծ վտանգներ չի տեսնում։ Ըստ նրա, դիցուք, մեր երկրի անկախությանը չի սպառնում փաթեթի այն տողը, որտեղ գրված է՝ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնելու է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակմանը. «Ինքնիշխանության մասնակի զիջում դեռեւս չի նշանակում, որ դու քո անկախությունը զիջում ես»։ Գագիկ Մելիքյանը փաթեթի այս դրույթն ընկալում է ավելի շատ որպես իրավունքների մասնակի զիջում, ըստ որի, ում էլ անդամակցենք, ինչ-որ բան զիջելու ենք մեր իրավունքներից. «Եվրոպական ցանկացած երկիր, որն անդամակցել է Եվրոպական միությանը, իրենք իրավունքների մասնակի զիջում իրականացրել են»։ Սահմանադրական փոփոխությունների փաթեթում Հայաստանի անկախության համար վտանգավոր այս դրույթը գտել է իրավաբան Վահե Գրիգորյանը։ Ըստ նրա, այս դրույթով իշխանությունն ուզում է հանրաքվեի միջոցով փոփոխելի դարձնել Սահմանադրության 1-րդ հոդվածը, որը փոփոխման ենթակա չէ. «Մենք իհարկե անկախ պետություն ենք եւ դա փոփոխման ենթակա չէ»։ Հոդվածի կոնկրետ ձեւակերպման հետ ծանոթանալուց հետո Գագիկ Մելիքյանն անկեղծացավ՝ ժողովրդի քվեն մնում է առաջնահերթ. «Իհարկե, պետք է լինեն հանրաքվեի արդյունքում, եւ ժողովուրդը կարող է որոշել՝ այդ մասնակի զիջումը կատարի՞, թե չկատարի»։ Ինքը հակասություն չի տեսնում Սահմանադրության 1-ին, 114-րդ հոդվածների եւ սահմանադրական փաթեթի հիշյալ դրույթի միջեւ. հանրաքվեի ինստիտուտն, ըստ նրա, կարեւոր է. «Չէ՞ որ անկախությունը նույնպես հանրաքվեով ենք մենք հռչակել եւ մասնակի զիջումը անկախության նույնպես հանրաքվեով պետք է լինի»։