Վարդան Պետրոսյանին կդատեն ապրիլի 1-ին
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Վերաքննիչ քրեական դատարանում այն կկայանա ապրիլի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը կնախագահի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին նրան դատապարտել էր 5 տարի ժամկետով ազատազրկման։ Վթարը տեղի է ունեցել 2013 թ հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։: Դատարանի կայացրած վճռի հետ տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկայացված բողոքով պահանջում է դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել առնվազն 6 տարվա ազատազրկման, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով։