Քաղաքացիական գործի քննություն ՍԴ-ում
Մարտի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քաղաքացիներ Վալենտինա Մկրտչյանի և Սոֆյա Թորոսյանի դիմումների հիման վրա, քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի , 407-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի ` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց՝ 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը՝ դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան եւ որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։ 2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորա¬գրելու պահին պաշտպան չունեցող եւ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը։ 3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` ՙՎճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)՚ դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշան մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: 4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: 5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ մամուլի ծառայություն