Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

Կարևոր լուրեր Հասարակություն
TH_Grip

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է  շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ  առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի   հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են,  որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ  մեկ ու կես անգամ: «Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության  նախարարության նախաձեռնությամբ  և  առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության   նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ  դեպքերի գրեթե 80 տոկոսը  արձանագրվել է  0-18 տարեկանների շրջանում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում  գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ:  160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ,  որոնցից  120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան: «Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով  տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել  գարնանային արձակուրդները»,- ընդգծեց բանախոսը: Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել: Առողջապահության նախարարություն