Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերը ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Հասարակություն
95381b7f041f18595a564fa22f6084c9

Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կայացվեց երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի «Գլաձոր» համալսարանին  շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Հյուսիսային համալսարանին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված  խորհրդատվությունները և  գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման  գործողությունների ծրագրին: Իրենց տեսակետը հայտնելու և հանձնաժողովի հարցերին պատասխանելու հնարավորություն տրվեց նաև բուհերի ներկայացուցիչներին: Այնուհետև դռնփակ նիստում հանձնաժողովը որոշում կայացրեց: Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ   պետք է   ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը 6 ամիսը մեկ ՈԱԱԿ-ին հաշվետվություն պետք է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման աշխատանքների մասին: Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: Հավատարմագրման հանձնաժողովն  առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս  բուհերի վերաբերյալ: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն  որոշում էր կայացրել ևս երեք բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ`ԵՊՀ-ին շնորհելով 6, իսկ ԵՊԲՀ-ին և ՀԱՊՀ-ին`4 տարով հավատարմագրում: