Տուբերկուլոզով վարակվելու ռիսկայնությունը բարձր է միգրանտների մոտ (տեսանյութ)
Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է ։ Տուբերկուլոզի Հայաստանի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում 2014 թ-ի տվյալների համաձայն՝ հիվանդացության մակարդակը կազմել է 34,7, որը նշանակում է, որ յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկնում 34 տուբերկուլոզով հիվանդ, իսկ մահացության ցուցանիշը՝ 1,6, այսինքն՝ 1- 2 դեպք։ 2014թ-ին տուբերկուլոզով առաջնակի հիվանդների թիվը կազմել է 1046 դեպք, իսկ կրկնակի հիվանդների թիվը՝ 319։ «Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, ապա տեսնում ենք, որ հիվանդացության ցուցանիշը նվազել է գրեթե կեսով, իսկ մահացության ցուցանիշը՝ գրեթե 3 անգամ։ 2014թ-ին արձանագրել ենք նաև 79,6% բուժման բարեհաջող ելք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թիվը 85-ն է, այսինքն մենք դեռ 5% ունենք հասնելու ԱՀԿ-ի ցուցանիշին, բայց արդեն իսկ այսօր ունենք հիվանդության բուժման դրական դինամիկա»,- տեղեկացնում է Արմեն Հայրապետյանը։ Մասնագետն անդրադարձավ նաև հիվանդության համախտանիշներին՝ երկարատև հազ, երկարատև քրտնարտադրություն, հազի ընթացքում արյունարտադրություն, պարբերաբար բարձր ջերմություն և այլն։ «Նման դեպքերում չպետք է կիրառել տանը եղած դեղերը կամ այլ տեսակի բուժմամբ զբաղվել, այլ դիմել համապատասխան մասնագիտացված կենտրոններ կամ պոլիկլինիկա, որտեղ հիվանդը կենթարկվի լաբորատոր բուժզննության։ Վարակիչ լինելու և շրջապատի համար վտանգ ներկայացնելու դեպքում նման հիվանդները հոսպիտալացվում են»,-ասում է նա։ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ շեշտում է, որ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները պետք է զգոն և ուշադիր լինեն։ Փոխնախարարը խորհուրդ չի տալիս այս հիվանդությամբ տառապողներին դիմել ինքնաբուժության կամ առհասարակ հիվանդությունը թաքցնել, քանի որ դա հետագայում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։ «Մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում միգրանտների շրջանում և ծրագրով նախատեսված որոշակի գործողություններ ենք իրականացնում, քանի որ Հայաստանում ոչ միայն տուբերկուլոզի, այլ նաև այլ վարակիչ հիվանդությունների խնդիրը շատ արդիական է ՝ կապված տեղաշարժի հետ։ Հայաստանում տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունը և բուժումը բացառապես անվճար է՝ բոլոր խավերի համար»,- շեշտեց փոխնախարարը։