Երթից հետո տուգանել են տաքսու վարորդներին (տեսանյութ)
Մարտի 15-ին ավտովարորդների իրականացրած երթից հետո բազմաթիվ վարորդներ ենթարկվել են տուգանքների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Մոտ 54 տաքսու վարորդ տուգանվել է 50.000 դրամի չափով՝ չլիցենզավորվելու համար։ Երթից հետո մի անհասկանալի գրոհ է սկսվել մեզ վրա՝ տարբեր ստուգումներ է իրականացվում ճանապարհային ոստիկանության կողմից ու տուգանքներ նշանակվում։ Վարորդներից մեկին էլ տուգանել են 30.000 դրամ՝ մեքենայի դիմացի և ետևի հատվածում տաքսու գովազդ փակցնելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը։ Վերջինս նաև հիշեցրեց, որ 15 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել թե նախագահին, թե տրանսպորտի նախարարություն՝ լիցենզավորման կարգը վերանայելու համար, սակայն մինչ օրս այդ պահանջագրի կետերից որևէ մեկը ոչ միայն չի իրականացվել, այլ հակառակը՝ սկսել են նման կերպով իրենց վրա ճնշումներ բանեցնել։ «Մենք մեր այդ 15 կետին ավելացնելու ենք նաև 4-ը ՝ այս տուգանքները վերանայելու կապակցությամբ։ Թող թողեն մենք հանգիստ աշխատենք՝ օրվա հացի գումար վաստակենք, էդքան անիմաստ տուգանքները, որ գրում եք , բա չեք մտածո՞ւմ՝ ոնց պետք է վարորդները այդքան փող աշխատեն, որ մի բան էլ անհեթեթ տուգանքները մուծեն»,-ասաց նա։ Անկախ այս հանգամանքից, վարորդները մինչև մայիսի 1-ը դադարեցնելու են իրենց բողոքի ակցիաներն ու ավտոերթերը, ինչը պայմանավորված է Ցեղասպանության 100- ամյա տարելիցով։ «Մեզ խնդրել են, որպեսզի ապրիլին սպասվող միջոցառումները չխաթարենք, խոչընդոտներ չստեղծենք, մենք համաձայն ենք դրան, բայց նրանք էլ գոնե այդ ընթացքում գործնական քայլեր կիրառեն մեր խնդիրները լուծելու ուղղությամբ, հակառակ պարագայում մենք մայիսի 1-ից վերսկսելու ենք մեր ակցիաները»,- շեշտում է Տիգրան Հովհաննիսյանը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։