Անվճար իրավաբանական օգնություն՝ ապաստան հայցողներին (տեսանյութ)
Ապաստան հայցողներն ու փախստական ճանաչված անձինք ՀՀ-ում այսուհետ կստանան անվճար իրավաբանական օգնություն։ Կառավարությունը, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում նման լրացումներ կատարելով, այն համապատասխանեցում է միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին: ԱԺ-ում Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ավելի շատ մտահոգում էին օրենքի փոփոխություններում տեղ գտած ձեւակերպումները: Դրանք, ըստ նրա, Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներ են, որոնք պետք է իջեցնենք օրենքի մակարդակին, որպեսզի մեզ համար դառնա հասկանալի։ ԱԺ-ում քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատար Յոհան Քրիստոֆեր Ֆրանսը: Նրան չէին գոհացրել օրենքի որոշ ձեւակերպումներ. «Լեզվական անհամապատասխանությունն ազգային օրենսդրությանն ու կոնվենցիայի տերմինաբանության միջեւ այնքան էլ նպատակահարմար չէ»: Հայ օրենսդիրները վստահեցրին` պարոն Ֆրանսի դիտողություններին իրենք արդեն ծանոթ են, եւ դրանք կքննարկեն: Իսկ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխությունները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ օրակարգ: Ավելին՝ տեսանյութով