Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ըմբիշները պետք է հաղթեն նաեւ... մրցավարներին

Սպորտ
sambo

«Վոլոդյա Ֆրանգուլյանը թուրք ընբիշի հետ մարտում հաղթեց ոչ միայն մրցակցին, այլեւ` մրցավարներին: Վերջինները հենց սկզբից կանխակալ որոշումներ կայացրին, չհաշվեցին Վոլոդյայի վաստակած միավորները: Սակայն մեր մարզիկը հոգեբանորեն չկոտրվեց եւ կարողացավ ի վերջո հաղթանակ տանել» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Նա նման կողմնակալությունը բացատրեց այն փաստով, որ Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցավարների ղեկավար էր նշանակվել Թուրքիայի ներկայացուցիչը, ուստի մրցավարներն ակամայից ցանկանում էին «լավություն անել» վերջինիս հայրենակիցներին: Եվրոպայի նորընծա չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը նույնպես նշեց, որ ամենադժվարը հենց թուրք ըմբիշի հետ մենամարտն էր, քանի որ մրցավարները կողմնակալ որոշումներ էին կայացնում. «Ես կարողացա հոգեբանորեն հավաքվել եւ հաղթել մրցակցին: Եզրափակիչում ինձ արդեն ավելի վստահ էի զգում»: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն, ամփոփելով Եվրոպայի առաջնության արդյունքները, ասաց. «Դժգոհ եմ միայն 85 կգ քաշային Վաղարշակ Մինասյանի ելույթից, որը շատ զգուշավոր էր անցկացնում մարտերը: Մնացածը պայքարում էին մինչեւ վերջ, ձգտում հաղթանակի: Մեր երկու մեդալակիրները` Սարգիս Քոչարյանն ու Կարապետ Չալյանը, միայն լրացուցիչ հաշվարկներով զիջեցին մրցակիցներին եւ չկարողացան հաղթող ճանաչվել»: Մամուլի ասուլիսին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչը խնդրեց հարցեր չուղղել Բաքվի Եվրոպական խաղերի մասին: Թո ինչու, չբացատրեց։ Ի դեպ, մեկ ամիս առաջ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները դեմ էին Բաքվի խաղերին մասնակցելուն: