Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեդա Սաֆարյանին սպառնացողը գործով տուժողն է (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00003

Եվրադատարանի դատավճռից հետո փաստաբան Սեդա Սաֆարյանը տուժող կողմից սկսել է սպառնալիքներ ստանալ։ «Սպառնում էր իմ փաստաբանական գործունեությանը, որ դեռ 10 տարի առաջ դու ինձ զզվացրել էիր քո ակտիվությամբ, ես քեզ որտեղ տեսնեմ... ու վատ բառեր», - «Ա1+»-ին ասաց Սեդա Սաֆարյանը Զանգահարողը գործով տուժողի իրավահաջորդն է՝ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում սպանված աղջկա՝ Սյուզաննա Սարգսյանի հայրը։ Սեդա Սաֆարյանը պաշտպանել է գործով մեղադրվող Նալբանդյան ընտանիքի շահերը։ «Այն իրավիճակը, որ իրենք են ստեղծում եւ թույլ չեն տալիս, որ հանգամանքներ պարզվի, սա շատ մտահոգելու տեղիք է տալիս, թե տուժողը ի՞նչ գիտի, որից վախենում է»,-ասում է նա։ Սեդա Սաֆարյանը վստահ է՝ 15-ամյա աղջկա դաժան սպանության համար մեղավորն ուրիշ է, իսկ իր պաշտպանյալներից Նարինե եւ Բագրատ Նալբանդյաններից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով։ «Աղջկա մահվան հանգամանքներում շատ չփարատված հանգամանքներ կան, որոնք պիտի պարզվեն, անգամ կրկնակի փորձաքննություն պիտի նշանակվեր, որովհետեւ կասկածի տակ դրվող բազմաթիվ հանգամանքներ կային»։ Փորձեցինք կապ հաստատել նաեւ տուժող կողմի հետ։ Պարզվեց, որ զանգահարողը՝ Աղաբեկ Սարգսյանը, հիվանդանոցում է, իսկ նրա կինը՝ Ալվինա Սարգսյանը, չցանկացավ մեկնաբանել։ «Ես չգիտեմ, ամուսինս որ գա, կխոսենք։ Այնպիսի բաներ էր գրված, ով լիներ, չէր անի» Ընդդեմ ՀՀ վճռում Եվրադատարանը որոշել էր, որ 62000 եվրո պետք է վճարվի Նալբանդյան ընտանիքին՝ ՄԻ կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Իսկ պաշտպան Սեդա Սաֆարյանը պատրաստվում է ներպետական ատյանում՝ Վճռաբեկ դատարանում, կրկին բողոքարկել դատավճիռը, որով Բագրատ Նալբանդյանը դատապարտվել էր 9, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման՝ իր դստեր ընկերուհու սպանության մեղադրանքով։