«Մենք պետք է որ երթանք». սիրիահայ
Հալեպահայ Լենա Շամլյանը 3 տարի է`Հայաստանում է: Հալեպում հագուստի, ներքնազգեստի խանութ ուներ, նաև դիմահարդարման պարագաներ էր վաճառում, բայց պատերազմի հետևանքով ամեն ինչ փակվեց: Ընտանիքով եկան Հայաստան եւ այժմ ջանում են աշխատել, որպեսզի ոտքի կանգնեն: Հայրենիքում Լենան առաջատար ընկերությունների կոսմետիկ միջոցներ է վաճառում։ Դրանք ներկայացնում է նաև ցուցահանդես-վաճառքների։ -Լենա, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում այստեղ: -Շատ դժվար է, ամեն ինչ թողինք Հալեպում, եկանք հոս: Այո, հայրենիքիս մեջն եմ, իմ հարազատներս կան, բարեկամներս կան, բայց հոգիս, կյանքս, իմ բոլոր հիշատակները էնտեղ է: Կարոտն է շատ, դժվարություններ էլ, անշուշտ, կան, բայց կփորձինք հաղթահարել։ Այստեղ նորեն մեր արհեստով եմ զբաղվում`քոսմետիկով: Այնտեղի մեր խանութի մեջն ալ կար քոսմետիկ`բոլոր եվրոպական ֆիրմաները, նույնպես էստեղ: -Իսկ ընտանիքի անդամները հարմարվե՞լ են: -Հայաստանը շատ լավն է, 2 տարի առաջ Կաղանդին հոս էինք եւ արդեն ավանդությունները սորվեցանք. Նոր տարին, Մեծ Զատիկը… Ժողովուրդը քեզ սիրահոժար հասնելու է, օգնելու է, ամեն ձեւով քեզի մտերմությունը ցույց տալու է, փառք Տիրոջ, դա մեզի աստվածային մեծ նվերն է: Մինչեւ հիմա մեկը չտեսա, որ ինձի ըսեր`չեմ գիտեր, չունիմ…եղածին չափով կուզեն մեզի օգներ: Այսինքն, եթե մեկին կհարցնեմ`ասինչ տեղն ինչպես կրնամ գնալ, թերեւս ուրիշ մեկուն ըսեի, կըսեր`չեմ գիտեր, բայց երբ որ տեսնա ես Սիրիայից եմ, ինձի կըսե`եկուր, ես քեզի կտանեմ: -Հետաքրքիր է`այնտեղ տոներին սովորաբար ի՞նչ ուտեստներ եք սեղանին դնում: -Օրինակ Նոր տարուն Սիրիայում ամենքիս սեղանին հնդկահավ պիտի ըլլա, կենդանի շուկաները կվաճառվին, կգնենք, կմորթենք, կմաքրենք, մեկ շաբաթ առաջ մը կպատրաստենք, վերջը օրվան կեփենք բրինձով, սեղանին վրա կզարդարենք: Այդ և մնացած բոլոր տոներին ալ անշուշտ, մեր ավանդական կարկանդակները, անուշեղենները պիտի ըլլա: Բացի այդ, մարթադելլան կարող եմ նշել, որը Հալեպի սենդվիչ է։ Անցյալ տարի բաժնեցա հոս ընկերուհիներուս, իրանք չէին գիտնար`դա ինչ է։ Քաղցրեղեններից նաև փախլավան պիտի ըլլա սեղաններուն վրա, բոլոր մրգերը, պտուղները։ Տոներին մենք անպայման մոմերը կվառինք, շատ հաճելի կըլլա: -Ինչպիսի՞ն էր կյանքը Հալեպում մինչև պատերազմը։ -Մենք շատ հանգիստ էինք, շատ ուրախ էինք, չէինք ըզգար, որ մենք օտարության մեջ ենք, միշտ հարգված էին հայերը: Ամենը հրաշալի էր, մինչեւ որ սկսվեցավ այդ պատերազմը… -Իսկ մտերմություն կա՞ր օտարազգիների հետ: -Այո, մենք ամեն ձեւով հարգված էինք Սիրիայում եւ նեղություն չէինք զգա, թե ինքը մուսուլման է, ես հայ եմ: Ես համալսարան ավարտեցի, իմ ընկերուհիներս բոլորը այլազգի էին եւ մինչեւ էս րոպեիս մենք կապի մեջ ենք: Ինձի ասում են. ե՞րբ պիտի գաս, մի քիչ ալ ուշանաս, ես պիտի խենթանամ։ -Երբ Սիրիայում խաղաղություն հաստատվի, դուք վերադառնալո՞ւ եք այնտեղ: -Չգիտեմ`պայմանները ինչ պիտի ըլլա, բայց մենք պետք է որ երթանք, մենք այնտեղ ունինք մեր տունը, տեղը, ապրանքները, կալվածքը, գործը, ամեն ինչ թողել, եկել ենք: -Ամեն դեպքում լավատես եք։ -Այո, հույս ունինք, որ անպայման ամեն բան լավ կըլլա: Եվ հայերիս գմաղթեմ, որ իրար սիրենք, իրար միանանք, որովհետեւ մեր փրկությունը մեր միության մեջն է: Հետո կմաղթեմ իմ սիրելի քաղաքիս խաղաղություն, ալ վերջ թող տա արյունի ծովը, կբավե, շատ եղավ: Իմ հարազատները այնտեղ շատ լացին, շատ նեղվեցան, շատ կտառապին: Մենք հոս ենք, կտառապինք, բայց իրենք մեզմե ավելի կտառապին։