Զատկին պետք է պահպանել 7 կամ 3 թվերի առկայությունը. Լ. Ագուլեցի
Դարեր շարունակ տղամարդը տնկել է ծառ, իսկ կինը զարդարել է այն։ Այս ավանդույթը պետք է այսօր էլ պահպանվի՝ ցանկացած տոնի ժամանակ. կարծում է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին՝ հավելելով, որ այսօր էլ պետք է կանայք Զատիկի տոնին զարդարեն ու գեղեցկացնեն սեղանները. «Մենք սիրով ենք պատրաստվում այս տոնին, ստեղծագործում ենք: Զատիկը բնության զարթոնքն է: Նախաքրիստոնեական շրջանից են դեռ տոնել։ Քրիստոնեության ընդունումից հետո Հարության տոնը սկսվեց նշվել Զատիկի հետ, բայց պահպանվեց այդ հզոր ու գեղեցիկ մշակույթը»,-ասաց նա։ Տոնն իսկական տոնի է վերածում կինը. նշում է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ համաձայնելով ազգագրագետի խոսքի հետ ու հիշեցնում. «Զատիկը մեր ամենալուսավոր, գեղեցիկ տոներից է: Զատիկի հիմքում ազատություն բառն է, այսինքն՝ պետք է ազատագրվենք տագնապներից, անհնազանդություններից, չարությունից։ Մեծ պահքը երբեք չպետք է նույնացնենք դիետայի հետ, Զատիկի տոնը ննջեցյալներին հիշելու հետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կյանքում լուսավորը քիչ է, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի կյանքը դարձնել գեղեցիկ, լինել լավատես։ Լուսիկ Ագուլեցին էլ նշեց, որ տոնը պետք է հայեցի նշել՝ հետևելով մեր ժողովրդական մշակույթին. «Պետք է բոլոր ուտեստներն ու զարդարանքները պատրաստել ու միշտ պահպանել 7 կամ 3 թվերի առկայությունը։ Բացի ավանդական ուտեստներից, մենք մշտապես պատրաստում ենք չամրարաք՝ յոթ տեսակի չրերով։ Փլավի մեջ բացի չամիչից, գցում ենք նաեւ խուրմա։ Եվ ամենակարեւորը սեղանին պետք է լինի աղանձ»։ Կարինե Աճեմյանը խոստովանում է՝ թվերի համադրությունը չի պահպանում, բայց ավանդական ուտելիքները անպայման պատրաստում է. «Իմ սեղանին շատ կանաչ պետք է լինի, անպայման ձուն պետք է կարմիր լինի, մոմեր ենք վառում ու անպայման գինի խմում։ Իսկ շաբաթ երեկոյան, պարտադիր գնում ենք եկեղեցի»։