Թանկացումների համար մեղավոր են նաեւ վերավաճառողները (տեսանյութ)
Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստում է, որ նախատոնական թանկացումները մեր երկրում դարձել են պարբերական բնույթ կրող երևույթ: «Օրինակ կանաչեղենը, որը մարդիկ գնում են հիմնականում Զատկի տոնին, այսօր արդեն 20-ից 50%-ով թանկացել է: Բայց կարող եմ ասել, որ ձուկը և հավկիթը այս տարի կարծես թե չեն թանկացել, ինչպես օրինակ նախորդ տարիներին էր լինում։ Իշխան ձուկը 2000 դրամից դարձել է 1600-1800 դրամ»,-ասում է նա: Բանախոսը նմանատիպ թանկացումները պայմանավորում է վերավաճառքի հանգամաքով: «Օրինակ ծաղիկի դեպքում, որը ևս թանկացել է , միջնորդները շատ են, նույնը նաև կանաչեղենի պարագայում է: Գյուղացուց էժան գներով առնում են, և տարբեր միջնորդների միջոցով մինչ մեր սեղանին հասնելը այդ կանաչեղենի գինն ավելանում է: Իսկ հավկիթի պարագայում կան խոշոր թռչնաբուծական արտադրամասեր, որոնք ունեն այդ հնարավորությունը շատ արտադրելու և առանց միջնորդի առաքելու խանութներին»,-նկատում է պարոն Չիլինգարյանը: Վերջինս, սակայն, նաև նշում է, որ նախորդ տարվա համեմատ,կանաչեղենն ավելի առատ է, ինչը պայմանավորված է եղել տաք ձմեռով: «Մեծ խանութները` կախված իրենց առևտրաշրջանառության ծավալներից և ստացած եկամուտից, 10 - 20 դրամով իջեցնում են գները ,և հենց դրա միջոցով էլ ավելի շատ են եկամուտ ստանում ՝ սպառողների թվից ելնելով, իսկ քանի որ փոքր խանութներում առևտրաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ , ըստ այդմ ավելի թանկ գներ են սահմանում, բայց դա խախտում չի համարվում։ Եթե թանկացնեն օրինակ 100 կամ 200 %-ով, դա արդեն կհամարվեր խախտում»,- շեշտում է Կարեն Չիլինգարյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հացին, թե ինչպես է բացատրվում նույն ապրանքատեսակը տարբեր խանութներում տարբեր գներով վաճառելու հանգամանքը։