Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այստեղ ամուսնությունը գրանցում են նաեւ քարանձավում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vr

Վրաստանի Սիգնակի փոքրիկ, լեռնային քաղաքը վրացիներն անվանում են սիրո քաղաք: Քաղաքի գլխավոր խորհրդանիշը շուրջօրյա աշխատող ԶԱԳՍ-ն է, որտեղ իր ամուսնությունը կարող է գրանցել յուրաքանչյուրը` անկախ ազգությունից եւ բնակության երկրից: Այստեղ ամեն ինչ ըստ սիրո խորհրդանիշի է` 19-րդ դարից պահպանված տները, հնաոճ փողոցները եւ դրանց երկայնքով վաճառվող ձեռքի աշխատանքները: Գերակշռում են տիկնիկները: Ի դեպ, ԶԱԳՍ-ի շենքի դիմաց եւս կա տիկնիկի արձանիկ: Սիգնակիում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ամենագնացների: Քաղաքի փողոցները զառիվեր են ու սալիկապատ, մեքենաների համար՝ դժվարանցանելի: Սիգնակին նաեւ անվանում են փոքրիկ Երեւան: Հայերն այստեղ ապրում են վաղուց, թեեւ շատ չեն սիրում խոսել իրենց ազգային պատկանելությունից: Դարեր առաջ վրաց արքաները հայ շատ ընտանիքների հրավիրել են ապրել այստեղ, քանի որ հայերը գիտեին արհեստ ու լավ վաճառականներ էին։ Սիգնակիում հյուրանոցներ չկան: Տեղացիների մասն իրենց տները վերածել են հարմարավետ կացարանների: Թեմուր Կուսիկաշվիլիի տունը եւս կացարան է: Զբոսաշրջիկներին նա զարմացնում է իր հնաոճ իրերի հավաքածուով: Ամենահին իրը` թուրը, 300 տարեկան է: Վրաստանում սիրո խորհրդն անգամ քարանձավում են անմահացրել: 30-35 մետր խորության վրա գտնվող եւ ավելի քան 70 մլն տարեկան «Պրոմեթեյ» քարանձավում, որը հայտնաբերել են 1984թ., իսկ պաշտոնապես բացել 2011թ., նույնպես կա զագս: Քարանձավի այցելուների գլխավոր մասնագետ Լիկա Կապանաձեի պատմելով` վճարելով ընդամենը 100 լարի, որը համարժեք է 25 հազար դրամին, եւ իրենց հետ բերելով զագսի աշխատողին, կարելի է ամուսնությունը գրանցել քարանձավի, այսպես կոչված, սիրո սրահում: Այս տարի առաջին ամուսնությունը քարանձավում կգրանցվի ապրիլի 18-ին:   Մանրամասները՝ տեսանյութում