Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Էնֆիաջյանն իր ազգանվան մասին

Հասարակություն
44255060aff641b52fd64ec0c0a62041

Այսօր մամուլում անդրադարձ կատարվեց Գալուստ Սահակյանի՝ իմ ազգանունն արտաբերելիս կրկին սխալվելու վերաբերյալ: Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ազգային Ժողովում տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության քննարկումը, որի համահեղինակներից էի նաև ես: Փոքրիկ ակնարկ կատարելով ազգանվանս ծագմանը ՝նշեմ, որ նախապապերս հայտնի են եղել դեռևս 18-19-րդ դարում՝ ծավալելով քաղաքական և հասարակական ակտիվ և ազգանվեր գործունեություն: Նախապապս՝ Արտաշես Էնֆիաջյանը, զբաղեցրել է Առաջին Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: Էնֆիաջյաններն ակտիվ գործունեություն են ծավալել Անդրկովկասում՝ զբաղվելով խոշոր արդյունաբերությամբ, մասնավորապես, հանդիսանալով «Էնֆիաջյան » ֆաբրիկայի հիմնադիրները, որի արտադրանքն արտահանվել է Եվրոպա և ԱՄՆ: Համբարձում Էնֆիաջյանը եղել է Թիֆլիսի Վաճառական բանկի հիմնադիրներից մեկը, քաղաքային Հասարակական կառավարչության անդամ և դումայի պատգամավոր , Փոխադարձ վարկի ընկերության անդամ (Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19) 135,136, 139,140 էջ, 2008թ. http://www.noravank.am/upload /pdf/322_am.pdf ): Համբարձում Էնֆիաջյանը եղել է նաև թիֆլիսյան Վերնատան հովանավորներից մեկը: Եվ, առհասարակ, Էնֆիաջյանների ողջ գերդաստանը գիտության և մանկավարժության ոլորտում մեծ նվաճումներ գրանցած մասնագետներ է տվել: Սարդարապատի ազգային թանգարանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված ցուցադրության հատվածում, առկա են պատմական փաստեր և բացառիկ ցուցանմուշներ, որոնք փաստում են Էնֆիաջյանների գերդաստանի անցած ուղին: Սրանք այնպիսի փաստեր են, որոնք առիթ են տալիս հպարտանալու Էնֆիաջյանների հետնորդն ու այդ ազգանվան կրողը լինելու համար: Եզրափակելով նշեմ, որ այս ամենից բացի, զուտ էթիկայի նորմերից ելնելով՝ պետք է անձի անուն-ազգանունն արտաբերելուն պատասխանատվությամբ վերաբերվել: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին հարիր չէ նման կեցվածքն ու մեկնաբանությունները, և նման դեպքերի հետագա կրկնության դեպքում կրկին հանդես կգամ համարժեք պատասխանով: ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան