Մարզերի երեխաներին գունազարդ գրքերն անհասանելի են (տեսանյութ)
Հայաստանի գրադարանային ասոցիացիան ՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 13-ից 20-ը ՀՀ ողջ տարածքում անցկացնելու է Ազգային գրադարանային շաբաթ՝ «Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո։ Ծրագրի նպատակն է նպաստել գրադարանների, գրքի և ընթերցանության դերի կարևորմանը, ինչպես նաև դրանց նկատմամբ հետաքրքրության ցուցաբերմանը։ «Միևնույն ժամանակ ծրագիրը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու գրադարանային ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրների վրա , և արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում»,-նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ արդեն 13-րդ տարին է, որ Հայաստանում իրականացվում է այս ծրագիրը, և տարեցտարի ավելի շատ ընթերցողներ են ներգրավվում այս ծրագրում՝ տարբեր տարիքային խմբերի։ Բանախոսն անդրադարձավ այն հանգամանքին, որ ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով մասնակցելու են նաև հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները։ «Համայնքային գրադարաններն այսօր հիմնականում ունեն շենքային խնդիր, տարբեր ժանրերի գրքերով համալրման, որակավորված կադրային պակասի, աշխատավարձների խնդիր և այլն։ Այս խնդիրներն են, որոնք լուծում են պահանջում, սակայն տեղական ինքնակառավարման մարմինները ոչ բոլոր դեպքերում է, որ կարողանում են լուծում գտնել՝ մեկնաբանելով, որ չկան բավարար ֆինանսական միջոցներ։ Իսկ երևանյան գրադարանները համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում»,- շեշտում է Ռուզան Տոնոյանը՝ ի պատասխան «Ա1+»-ի լրագրողի այն հարցի, թե ինչ հիմնախնդիրներ են այսօր ծառացած գրադարանների առջև։ Հայաստանի գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանն էլ իր հերթին նկատում է, որ այսօր գյուղական գրադարաններում ընթերցողների 80%-ը դպրոցահասակ երեխաներն են, և խնդիր կա նոր հրատարակվող գրականությունը հասցնել գյուղերի գրադարաններ։ «Մեծամասամբ հին գրքեր են գյուղական գրադարաններում , որոնք գրադարանավարները մի կերպ սոսնձած պահում են, իսկ նորերը, որոնք ավելի գեղեցիկ են, պատկերավոր, նկարազարդված, դրանք պարզապես անհասանելի են այդ երեխաների համար»,- նշում է պարոն Ղազարյանը։