Ուժեղ քամին ծառեր է շրջել
Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի վրա, խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Նոր-նորքի կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ ծառի 2 ճյուղ (մեծ և փոքր) իջեցրել, մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: *** Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում՝ Գուրգեն Մարգարյանի անվան մանկապարտեզի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 38ա հասցեում` թիվ 41 մանկապարտեզի տարածքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է ճանապարհի վրա՝ այն դարձնելով դժվարանցանելի: Հրշեջ-փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակցի համատեղ ուժերով ծառի ճյուղը մասնատվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: *** Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածը ծառի ճյուղերից: *** Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում գտնվող հանրակացարանային շենքի տանիքի կառուցատարրերը պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները ապամոնտաժել են Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/1 հանրակացարանային շենքի տանիքի թիթեղյա ծածկը (10 քմ): ՏԿԱԻ նախարարություն