«Ես չեմ ուզում բամբասանք անել». Կ.Դուրգարյանը՝ իտալացի երաժիշտի մասին
Ինչո՞ւ փետրվարի 12-ին Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում նախանշված աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը չկայացավ։ «Նախ եկեք պատկերացնենք, թե ինչ է նշանակում աշխարհահռչակ։ Երբ դա հասկանանք, այդ ժամանակ ես կարող եմ այդ հարցին պատասխանել»,-նշել է թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Նա՝ իր սիմֆոնիկ նվագախմբով, պետք է դաշնակահարի հետ համատեղ անցկացներ համերգը։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե հենց իրեն են մեղադրում համերգի չկայանալու համար, ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը Կոնսալեսի հանդեպ, պարոն Դուրգարյանը մանրամասնել է. «Ես գնահատական չեմ տալիս այդ արտիստի լավ, կամ վատ լինելուն, ուղղակի ասեմ, որ նա պատրաստ չէր ելույթ ունենալու հանդիսատեսի առջև»։ Նա ընդգծել է, որ հարգում են հանդիսատեսին և փորձում ցույց տալ մաքսիմում լավ որակ։ Արդյո՞ք անձնական խնդիր է ծագել նվագախմբի դիրիժորի և իտալացի երաժշտի միջև, պարոն Դուրգարյանը խուսափել է հստակ պատասխանից։ «Դուք ինձ փորձում եք տանել այլ ուղի, որը չի կոչվում դասական երաժշտություն։ Ես չեմ ուզում բամբասանք անել»,-եզրափակել է երաժիշտը։