«Քո փողերը բաժանեիր գյումրեցիներին, ոչ թե Քիմ Քարդաշյանին տարածք նվիրեիր»
Վաղը, ժամը 14.00-ին Կառավարության մոտ նախատեսված է բողոքի ակցիա՝ ընդդեմ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու։ Նախաձեռնողը «Հայաստանի սոցիալիստական շարժում» ՀԿ-ների միավորումն է և «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն։ Պիկետի ընթացքում նամակ կուղարկվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով երեկ անձամբ է ընդունել աստղին։ Ո՞րն է պիկետի գլխավոր նպատակը. «Հայաստանի սոցիալիստական շարժում»-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Հասարակության ուշադրությունը հայ կնոջ կերպարի վրա սևեռելն է։ Արդյո՞ք Քիմ Քարդաշյանը հայ կնոջ կերպար է։ Ես իրեն ընդունում եմ որպես ֆոտոմոդել։ Լավ է, որ հայը եկել է Հայաստան, բայց պետական մակարդակով, աղուհացով ու տարազով նրան դիմավորելը մեր արժեքների ոտնահարում եմ համարում»։ Նա ուշադրություն է հրավիրում նաև, որ անգամ Պուտինի գալով այդքան ճանապարհները չեն փակում, որքան Քարդաշյանի ժամանակ փակեցին։ Պարոն Ահարոնյանը ցավում է, որ շատ հայ երիտասարդ աղջիկներ այժմ ուզում են նմանվել Քարդաշյանին. «Դա նույնն է, եթե ասենք՝ կրթությունն ինչ է, սիրուն հետույք ունեցի։ Դա անթույլատրելի է»։ Դեմ է, որ Հայաստանը Քիմ Քարդաշյանով ճանաչեն։ Ակտիվիստը բացասական է գնահատում նաև այն, որ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը Վահագնի թաղամասում Քարդաշյաններին հողատարածք է նվիրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը (վկայականը՝ նկարում)։ «Վահագն Հովնանյանին ուզում եմ ասել. հարգելի սփյուռքահայ բարեկամ, քանի հայ ընտանիք տուն չունի, քո փողերը բաժանեիր գյումրեցիներին, ոչ թե Քիմ Քարդաշյանին տարածք նվիրեիր»,- ասում է Ահարոնյանը։