Ստորագրահավաք՝ ընդդեմ ալյուրի հարստացման ծրագրի
Մաշտոցի պուրակում այսօր մեկնարկեց ստորագրահավաք՝ ընդդեմ ցորենի ալյուրը հարստացնելու ծրագրի։
Հասարակական մի խումբ կազմակերպություններ ու անհատներ դեմ են այս ծրագրին։
Տիգրան Մարտիրոսյանը նշում է. «Եթե ալյուր արտադրողներին պարտադրվում է խառնել հավելանյութերը, ապա մարդը այլընտրանք չի ունենում. բոլոր խանութներում կլինի այդ հացը,իսկ առանց հավելանյութերով հաց ցանկանալու դեպքում՝չի գտնի։ Թող՝ կա՛մ ընդհանրապես չլինի այդ օրենքը, կա՛մ կամավոր սկզբունքով լինի, այսինքն, ով ցանկանում է, թող հարստացնի ալյուրը, իսկ ով չի ցանկանում՝թող չանի»։
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Սարգսյանը վստահ է, որ օրենքը չի ընդունվի, քանի որ պայքարում են նախապես. «Այդ օրենքն իրենից շատ մեծ վտանգներ է ենթադրում. լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Օրինակ՝ Չիլիում, այդ օրենքի ընդունումից մի քանի տարի հետո, մարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը եռապատկվել է։ Իսկ Հայաստանում շատերը նախաքաղցկեղային վիճակում են գտնվում, անգամ քաղցկեղով հիվանդներ ունենք, որոնք այս մասին տեղեկացված չեն»,–ասում է Աննա Սարգսյանը եւ առաջարկում ընդունել մեկ այլ օրենք. «Հայաստանի Հանրապետությունում ցորենի գերակշիռ մասից չտեսակավորված ալյուր արտադրելու մասին»։
Ստորագրահավաքին մասնակցում էին նաեւ երաժիշտ, հեղինակ–կատարողներ։
