Չարորակ նորագոյացություններով ամենաբարձրը Կոտայքի մարզն է (տեսանյութ)
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բժշկական կենտրոն դիմած 550 կանանցից միայն 8-ի մոտ է քաղցկեղ հայտնաբերվել։ «Այս տվյալները սարսափելի չեն»,-բնակչությանը շտապում է հանգստացնել Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյանը։ Հիշեցնենք, որ հրապարակվել էին նախորդ տարի Ալավերդիում ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզված տվյալներ, համաձայն որոնց՝ 550 կանանցից 404-ի մոտ ուռուցք է առկա։ Այժմ նախարարությունը հայտնում է, որ 8 հոգու մոտ է քաղցկեղ, իսկ մնացածի դեպքում վահանաձև գեղձի խնդիր է եղել և մաստոպատիաներ։ ԱՆ աշխատակիցն ասում է՝ այս ուղղությամբ լայնածավալ հետազոտություն երկրում չի արվում, որպեսզի պարզ լինի ընդհանուր պատկերը։ «Բայց Ալավերդիի դեպքով հարցը նախարարությունում քննարկվել է, ուղղակի արդյունքների մեկնաբանման խնդիր կա: Ոչ թե հատուկ հետազոտություն է եղել, այլ գանգատ ունեցող անձինք են դիմել Ալավերդու բժշկական կենտրոն։ Նրանցից ութսունհինգը պրակտիկորեն առողջ են եղել»,-պնդում է տիկին Ավագյանը: Ասում է՝ կրծքագեղձի սքրինինգի գործող ծրագրեր չունենք, եղած բոլոր ծրագրերն ուղղված են վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերմանը, բայց ոչ դրա կանխարգելմանը: Նախարարության աշխատակիցը չի ժխտում՝ շրջակա միջավայրի ազդեցությունն էլ կա այս հիվանդության տարածման հարցում, բայց ծխելը, անառողջ սնունդն ու ալկոհոլի չարաշահումն առավել շատ են քաղցկեղի պատճառ դառնում: Չարորակ նորագոյացություններով ամենաբարձրը Կոտայքի մարզն է, որտեղ առանձնապես միջավայրի աղտոտվածության խնդիր չկա, որին հաջորդում է Երևանը: Մի մտածեք, որ նախարարությունն անտարբեր է շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ: Իհարկե, կա հիվանդությունների շատացում և սիրտ-անոթային, և նորագոյացությունների առումով: Մենք Բնապահպանության նախարարություն չենք: Բնապահպան Կարինե Դանիելյանը հակադարձում է. «Շրջակա միջավայրի ազդեցությունը շատ մեծ է։ Ալավերդու հարցով իրենք միշտ են անհանգստացած եղել: «Այդ քաղաքում ծանր մետաղները չեն ուսումնասիրվում, ծծմբի առկայությունն օդային ավազանում նորմայից բարձր է, պատճառը Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատն է: Ճիշտ է՝ հիմա ծխնելույզը բարձրացրել են, դա քաղաքի դեպքում մեղմացնում է վիճակը, բայց ավելի լայն տարածքով է տարածվում, և ի վերջո վերադառնում ժողովրդին: Ախթալայի գետում մինչև երկու հարյուր իննսուն անգամ ծանր մետաղների առկայությունը կրկին նորմայից բարձր է»: Բնապահպանը շեշտում է, որ իշխանությունը գտնում է, թե ոչ մի վտանգ չկա կոմբինատից և ընդհանրապես՝ հանքարդյունաբերությունից, այսպես էլ պետք է շարունակել, բայց հանրությունը հակառակում է վստահ։ Ասուլիսին հրավիրված էր նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալեքս» ընկերությունից ներկայացուցիչ, սակայն ոչ ոք չէր եկել։ Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանն էլ նշել է. «Միայն այդ 8 դեպքն է։ Տարեցտարի քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է, բայց հինգ տարի և ավելի ապրող մարդիկ շատացել են: Այդ 8 կանայք, որոնց մոտ քաղցկեղի կասկած է եղել, տեղափոխվել են մայրաքաղաք և այստեղ հիվանդությունը հաստատվել է։ Նրանցից երկուսը վիրահատվել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում՝ զեղչով, մնացած վեցը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում։ «Քառասունից բարձր կանայք պետք է ամեն տարի անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն: Եթե այդ չորս հարյուր չորս կանայք, որոնց մոտ Ալավերդիում քաղցկեղի կասկած չի եղել, հնարավոր է՝ մամոգրաֆիկ հետազոտություն անցկացվի և նրանց մոտ էլ հայտնաբերվի քաղցկեղ»,-նշել է կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը: Մասնագետի խոսքով՝ ուժեղ սթրեսի արդյունքում մարդը մեկ ամսվա ընթացքում անգամ կարող է քաղցկեղ ձեռք բերել: «Ամեն տասնյոթերորդ կինը մեր երկրում քաղցկեղ ունի»,-Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ուսումնասիրության արդյունքն է ներկայացրել տիկին Հակոբյանը։