Գայլի մորթու մթերում՝ ԳԱԱ շենքում (տեսանյութ)
Կառավարությունը այսուհետ գայլի մեկ մորթու համար բյուջեից կվճարի 123 հազար 346 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն։ Որսորդներին, սակայն, կտրամադրվի 100. 000 դրամ։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը փոփոխությունը հիմնավորեց նրանով, որ «Եկամտային հարկ»-ի մասին օրենքում կատարված փոփոխությունից հետո գումարից եկամտահարկ էր պահվում, ինչի արդյունքում որսորդերը ստանում էին մոտ 75 հազար դրամ, ինչը դժգոհություններ էր առաջացրել։ Բնապահպանության նախարարության աշխատակիցները ԳԱԱ շենքում յուրաքանչյուր հինգշաբթի կիրականացնեն գայլի մորթու մթերում։ «Ընդունվում է ամբողջական մորթին, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ որսորդները ներկայացրել են շան կամ շնագայլի մորթի»,- նշեց Բնապահպանության նախարարը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, ինչի հետեւանքով հարձակվում են կենդանիների եւ մարդկանց վրա։ Ի դեպ, նրա խոսքերով, վերջին 30 տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգեւատրման մեխանիզմներ չեն կիրառվել, ինչն էլ հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին։