Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետից պահանջում են վերջնահաշվարկի, թոշակի վճարում (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkar

Վերջնահաշվարկ. այս պահանջով «Կենտրոն մաքրության» նախկին աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից 300 աշխատակիցներն առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։ «5 ամիս է՝ հիմնարկը լուծարվել է, ամեն ամիս ձգձգում են՝ այս ամիս, մյուս ամիս, մինչեւ ապրիլի 10-ը պետք է տային մեր փողերը»,- նշեց Հասմիկ Զեյնալյանը։ Նախկին աշխատակիցներն առաջարկում են սառեցնել գոնե բանկերից վերցված գումարները, մինչեւ վերջնահաշվարկի ստանալը, սակայն պատասխանը դրական չէ. «Ասում են մենք իրավասու չենք բանկերի հետ։ Այդ ո՞նց է, իմ գումարը չես տալիս՝ իրավասու ես, իրավասու չես բանկերի հետ պայման կապես»,- հարց է տալիս նախկին աշխատակիցներից Նորայր Դանիելյանը։ Հաշմանդամություն ունեցող օդաչուներն էլ պահանջում են 2006 թ. չստացած իրենց թոշակները։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչեւ մարտ ամիսը հարցին լուծում տալ, սակայն ապարդյուն. «Եղբայր, անհարմար է, այդ պաշտոնի մարդիկ, որ ժողովրդին խաբում են, եթե չի լինում, թող ասեն չի լինում։ 9 տարի է մեզ խաբում են»,- ավելացնում է օդաչու Սեյրան Սարգսյանը։ Նախկին օդաչուները պահանջում են, որ վարչապետը նորից ընդունի իրենց, որպեսզի փոխանցեն, որ նույնիսկ իր տված հրամաններն էլ չեն կատարվում։ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն էլ 11 տարի առաջ զրկվել են իրենց տներից եւ մինչ օրս պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար։ Այսօր էլ կառավարությունից նրանց չընդունեցին։