Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվերներ՝ սահմանին կանգնած զինվորներին

Հասարակություն
11119823_1061116117249685_1750061356_n

Civil Voice հասարակական կազմակերպությունը վերսկսում է «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» ակցիան: Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կազմակերպության ներկայացուցիչներն ու կամավորները կընդունեն քաղաքացիների պատրաստած նվերները՝ նախատեսված զինվորների համար: Ակցիայի նպատակն է անակնկալ մատուցել սահմանային գոտում ծառայող զինվորներին՝ ի նշան երախտագիտության: Դեռևս մեկ տարի առաջ Civil Voice հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» ակցիան, որի նպատակն է խորհրդանշական նվերներով զինվորներին ցույց տալ, որ հասարակությունը նրանց կողքին է: Ակցիան սպասվածից ավելի մեծ արձագանք գտավ: Հասարակության տարբեր շերտեր ակտիվորեն միացան ակցիային՝ փոքրիկ նվերների միջոցով շնորհակալություն հայտնելով սահմանը պահող զինվորներին: Ինչպես նշեց Civil Voice հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Ժիրայր Ոսկանյանը, հենց հասարակության նման դրական արձագանքն էլ նպաստեց, որ ակցիան շարունակական դառնա: Ապրիլի 19-ին անցկացվելու է «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» արդեն երրորդ ակցիան: Այս անգամ նույնպես հասարակության ակտիվության պակաս չի զգացվում: Արդեն ակցիային միացել են մշակույթի, սպորտի, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հայտնում սահմանին կանգնած մեր զինվորներին: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թամարա Ստեփանյանի խոսքով, դա շատ ոգևորիչ է, նախորդ փորձը ցույց է տվել, որ զինվորներն իրենց շոյված ու գնահատված են զգում: Այս օրերին կազմակերպությունն ակտիվ քարոզչություն է իրականանցնում, որպեսզի հասարակության ավելի լայն շետեր իրենց փոքր ներդրումն ունենան: Նվերները խորհրդանշական բնույթ են կրում, այստեղ ընդգծվում է զինվորներին գնահատելը, մեր սերն ու աջակցությունը նրանց փոխանցելը: Ի դեպ, ակցիայի շրջանակում տեսագրվող շնորհակալական խոսքերը և մաղթանքները տեսաերիզների տեսքով նույնպես կտարամադրվեն զորամասերին: Թե այս անգամ կոնկրետ որ զորամասին են հասնելու քաղաքացիներից հավաքագրված նվերները, պարզ չէ: Ժիրայր Ոսկանյանի խոսքով, այդ հարցը դեռ քննարկման փուլում է: «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» ակցիայից բացի Civil Voice հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հանդես է գալիս ևս մի նախաձեռնությամբ: Աշխարհի տարբեր երկրների քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներին ուղարկվում են 16 հազար նամակներ, որոնցով ևս մեկ անգամ բարձացվում է Հայոց ցեղասպանության հարցն ու կոչ անում համագործակցության: Թիրախավորվել են այն երկրները, որտեղ կամ Հայոց ցեղասպանության հարցի իրազեկվածության մակարդակը ցածր է կամ այդ պետություններում այն պաշտոնապես ճանաչված չէ: