Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերի գենոֆոնդը էական գենետիկական ազդեցության չի ենթարկվել. գիտնականներ (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar1

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում առաջին անգամ տեղի ունեցավ «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը։ Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել՝ չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, նախագծի հեղինակ Լևոն Եպիսկոպոսյանը իր ելույթում նշեց, որ սույն   քարտեզագրության աշխատանքներն իրականացնելու համար պահանջվել է մոտ 17-18 տարի։ Նրա խոսքերով՝ արժանահավատ չեն այն տեղեկությունները, ըստ որոնց ՝ հայերը Արևելյան տարածքներում սկսել են ապրել ընդամենը մի քանի դար առաջ։ Այս համատեքստում նա շեշտում է, որ իրենց հետազոտությունների արդյունքները հստակ ցույց են տվել, որ Արևելյան Հայաստանի գենետիկական պատմությունը նվազագույնը 12-15.000 տարվա պատմություն ունի։ Պարոն Եպիսկոպոսյանը նաև հույս հայտնեց, որ այս նախագիծը կդառնա գենետիկական հուշամատյան։ «Մենք պետք է կազմենք հուշամատյան, որտեղ կամրագրենք մեր գենետիկական անցյալը, մեր բազմազանությունը՝ և՛ տարածքային, և՛ գենետիկական, և՛ մշակութային, քանի որ մենք այսօր կորցնում ենք մեր գենետիկական անցյալը։ Մտնելով տարբեր համայնքներ, գյուղեր՝ տեսնում ենք, որ բարձր դասարանցիները չգիտեն, թե որտեղից են սերում իրենց նախնիները, պապերը կամ տատերը, իսկ քաղաքում, առհասարակ , ավելի շուտ է ջնջվում այդ գենետիկական հիշողությունը, և մենք պետք է փորձենք նույնիսկ դպրոցներում վերականգնել դա»,- ասաց նա, հավելելով նաև, որ հայերն ունեն շատ հզոր գենոֆոնդ, որը օտարածին ազդեցություններից զերծ է մնացել` շնորհիվ իր լեզվի, մշակույթի, պատմության և կուռ ինքնության։ «Այսինքն մենք միայն հոգեպես չէ, որ մնացել ենք մաքուր։ Մեր գենոֆոնդը համարյա փոփոխության չի ենթարկվել , քանի որ մենք ունեցել ենք այնպիսի հատկություններ, որոնք թույլ են տվել գենետիկական ինքնությունը պահպանել։ Դա միայն Հայկական լեռնաշխարհի տարածքներում, իսկ դրանից դուրս, բնականաբար, եղել են խառնածին ամուսնություններ»,-շեշտեց Լևոն Եպիսկոպոսյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ հայերը իրենց մեջ կրում են անջնջելի տեղեկություն, որը թույլ է տալիս իրենց նախնիների գենետիկական պատկերը  վերականգնել: «Այս ծրագիրը նաև մի յուրօրինակ հարգանքի տուրք է ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի»։