Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեզ խելոք պահի, թե չէ կվերացնենք». քաղաքացու տունը խլում են ձեռքից

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Չորրորդ գյուղի բնակչուհի Նարինե Պետրոսյանը կանգնած է տունը կորցնելու վտանգի առջև: Նա պնդում է, թե իր տղային`29-ամյա Դավիթ Պետրոսյանին, ներքաշել են անօրինական գործարքի մեջ: Դեպքը եղել է 2014 թվականին: Որդուն գումար է հարկավոր եղել, ընկերները որոշել են իբրև թե օգնել ու ասել են, թե գրավի դիմաց գումար կտան: Բայց ավելի ուշ իրենց տան առքուվաճառքի պայմանագիրն է կնքվել: «Սկզբում ասել են, թե նոտար կգնանք, իսկ հետո, թե չի լինում: Այդ առքուվաճառքը վաշխառուների կողմից է իրականացվել»,-պնդում է տիկին Պետրոսյանը: Նրա խոսքով` տղան տան գրանցում չի ունեցել: Չորրորդ գյուղում գտնվող երկհարկանի առանձնատանը կինն ապրել է որդու և տարեց հոր հետ: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ` հիմա տղան ու գործարքն իրականացրած մյուս անձինք պայմանական անազատության մեջ են, թեև հետո բողոքարկել են որոշումը: «Ամեն ինչ կեղծ հիմունքներով է եղել: Ես ձայնագրել եմ այդ մարդկանց»,-ասում է տիկին Պետրոսյանը: Համաձայն իր պատմածի` գործարքի ժամանակ իր տղային գումար չեն տվել, 55.000 դոլարն իրար մեջ են բաժանել մյուս անձինք: Բայց ինքը շեշտում է, որ առանձնատունը 150.000 դոլար է գնահատվում: Թղթաբանությունն իրականացվել է այն հանգամանքի հիման վրա, թե իբր Նարինեն գտնվում է Հունաստանում և որդուն տունը նվիրատվություն անելու վերաբերյալ փաստաթուղթ է ուղարկել: Բայց կինը պնդում է, թե երկրից չի բացակայել. անձնագիրը դատարանի կողմից ստուգվել է: Գործը մտել է վերաքննիչ դատարան, և կնոջ խոսքով` գործարքն իրականացրածները կեղծ վկաներ են բերել, որպեսզի արդարացնեն իրենց քայլը. «Ես չկարողացա ոչինչ անել: Իմ փաստաբանին ճնշումների էին ենթարկում: Այս ամենի վերևում կա ուժ, որը ղեկավարում է»,-ասում է տիկին Պետրոսյանը: Մեր դատարաններն, ըստ նրա, ամեն ինչով զբաղվում են, բացի արդարադատություն իրականացնելուց: «Վերաքննիչ դատարանը որոշեց, որ իրենք բարեխիղճ գնորդներ են: Չի նշվում վաշխառությունը: Եթե տունս վերցնեն, ես ոչ մի տեղ չունեմ ապրելու»,-նշում է կինը: Պնդում է, թե վաշխառուներն իրեն սպառնացել են: «Ասեցին, նայի, քեզ խելոք պահի, թե չէ կվերացնենք: Նույն ձևով սպառնացել են նաև հորս, ասելով, թե այ բիձուկ, ցեղդ, ազգդ կվերացնենք, չես էլ իմանա»,-պատմում է նա: Վաշխառուներն, իր խոսքով` ասել են, թե չալաղաջ կտոր են գտել Չորրորդ գյուղում և իրենց ցանկությունն է եղել տունը յուրացնելը. «Իմացել են, որ լավ տուն ունեմ` գեղեցիկ այգով, վարդերով ու որոշել են խաբեությամբ իրենցով անեն»,-վստահ է նա: Առաջին փաստաբանին Նարինեն 3500 դոլար է վճարել` գործի համար, սակայն 2 ամիս անց նրա ծառայություններից հրաժարվել է և փոխել փաստաբանին: Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է: