Հայաստանը պարտվեց Կուբային
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է անհաջող հանդես գալ Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 3-րդ տուրում մեր ընտրանին մրցեց Կուբայի հավաքականի հետ: Նախ անհաջողության մատնվեցին Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Հրանտ Մելքումյանը կարողացավ մեկ միավոր ետ բերել: Փաստորեն, հանդիպման ելքը վճռվեց թիմերի առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Լեյնիեր Դոմինգեսի պարտիայում: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը չնայած երկու անգամ անցումային զինվոր ստացավ, սակայն չկարողացավ դրանց հասցնել նպատակին եւ 70-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց մրցակցին եւ երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Իսրայելի եւ Կուբայի հավաքականները: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի ընտրանու հետ, որն այսօր ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Ռուսաստանի հետ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի: