Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Stop Մաքսիմ». ակտիվիստներն՝ ընդդեմ Ախթալայի պոչամբարի (տեսանյութ)

Հասարակություն
akcia-2

«Դադարեցրեք բնապահպանական ցեղասպանությունը», «Աշխարհում 21-րդ դարն է, բայց ոչ Ախթալայի ԼՀԿ-ի համար» և այլ պաստառներով տասնյակ ակտիվիստներ Բնապահպանության նախարարության դիմաց ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են պատասպանատու կառույցից՝ ուշադրություն դարձնել Լոռու մարզի Ախթալա քաղաքի լեռնահարստացման կոմբինատին պատկանող «Նահատակի ձոր» պոչամբարի աղետալի վիճակին։ «Մեր կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ այդ պոչամբարը գերհագեցած է։ Այն շահագործվում է բազմաթիվ նորմերի խախտումներով։ Պոչամբարը ցանկապատված չէ, կոմբինատի կողմից բարձրացվում են դրա պատնեշները, ընդհուպ քաղաքի խմելու ջրի խողովակը հայտնվել է պոչամբարի պատնեշին։ Դրա վնասման հետևանքով էլ թունավոր նյութերի արտահոսք է եղել դեպի շրջակա միջավայր»,-հայտնել է «Civil Voice» ՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը։ Նա նաև շեշտել է, որ կոմբինատի տարածքից գիշերային ժամերին միտումնավոր թունավոր նյութերի ուղղակի արտահոսք է իրականացվում շրջակա միջավայր։ «Եթե Բնապահպանության նախարարությունը մեր կողքին լիներ, այս ու այլ բնապահպանական աղետալի խնդիրներ կլուծվեին։ Բայց նախարարությունը կանգնած է բիզնեսի կողքին, դրա համար էլ այս վիճակն է»,-իր հերթին շեշտել է բնապահպան Սիլվա Ադամյանը։ akcia1 akcia 3 Ակցիայի մասնակիցները Բնապահպանության նախարարին հասցեագրված նամակը փոխանցեցին նամակների բաժին, ապա շարժվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գրասենյակ։ Ներկայում Ախթալայի կոմբինատի տնօրենը նրա եղբայրն է՝ Մարտիկ Հակոբյանը։ «Stop Մաքսիմ», «Մաքսիմ Հակոբյան, բնությունը քո թշնամին չէ» և այլ վանկարկումներին գրասենյակից ոչ ոք այդպես էլ չարձագանքեց։ Միայն տարածքում գտնվող երկու տղամարդ ցուցարարներից պահանջեցին հեռանալ՝ վիրավորելով նրանց։ Սակայն ակտիվիստնեը հեռացան ակցիան ավարտին հասցնելուց հետո միայն։