Այս կեսգիշերին՝ բացօթյա համերգ
Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը, խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը: Բացօթյա այս համերգով Հայաստանի գլխավոր թատրոնից ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը ստեղծագործական ասպարեզ մուտք գործեց 1950-ական թվականների սկզբներին: Ստեղծագործական կյանքի աոաջին իսկ քայլերից նա գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունը և ամեն մի նոր գործով ինքնահաստատվեց որպես ուրույն անհատականություն ունեցող արվեստագետ: Կոմպոզիտորը վաղ կռահեց ազգային երաժշտության առաջադիմական մղումներն ու դրա առջև ծառացած խնդիրները և նվիրվեց դրանց լուծմանը: 1969 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ ներկայացվեց Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետ-օրատորիան (լիբրետոն՝ Մ.Մարտիրոսյանի) բեմադրությունը: Մեծ արվեստագետի, աշխատավոր ու տառապող ժողովրդի կերպարների բնութագրման համար էդ. Հովհաննիսյանը դիմեց Կոմիտասի հանճարի բովով անցած ժողովրդական մեղեդիներին: Զգուշությամբ, չափի նուրբ զգացումով է նա զարգացրել, գործիքավորել մեղեդիները: Երաժշտության ընդհանուր դրամատիկ բնույթի խորացմանն է ծառայել երգչախմբի հնարամիտ օգտագործումը: «Անտունի» բալետում առաջնային նշանակություն ստացած խոր հոգեբանականը հանգեցնում է ազգայինի նորովի իմաստավորման: Ժողովրդական մեղեդիների հմայիչ գեղեցկությանը գումարվում են կոմպոզիտորի ստեղծած, ազգային վառ կնիք կրող, համազոր մեղեդային գոյացումները: «Անտունի» բալետի երաժտությունը միատարր չէ: Այն ձևավորվում է նաև մարդկային վսեմ ու ջինջ էության դեմ ուղղված դաժան, վայրենի, բիրտ տարերքի երանգներից: Էդ.Հովհաննիսյանի գործունեության տարրեր ոլորտները ծառայել են հայ երաժշտության առաջընթացի գործին: Դա պայմանավորված է ստեղծագործական սկզբունքների կայունությամբ, ազգայինին ծառայելու, մշտապես կատարելագործվելու մղումով: Հարգանքով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին