2019թ. էլեկտրաէներգիան կսկսի թանկանալ (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել ՀՀ եւ ՌԴ միջեւ Մեծամորի Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրով կկարողանան կազմակերպել երկարաձգման աշխատանքները, ինչպես նաեւ՝ լիազոր կազմակերպությունների միջեւ կկանոնակարգվեն բոլոր իրավահարաբերությունները. «Գործընթացը տեղի կունենա երկու փուլով: Սկզբում զննելու ենք հիմնական սարքավորումների իրավիճակը ու վերլուծական աշխատանքների հիման վրա լինելու է շահագործման ժամկետի երկարաձգումը, իսկ ապա, թե որքան կարժենա այդ ծրագիրը: Ծրագրով նախատեսված է՝ եթե բարեհաջող ավարտվեն աշխատանքները ու գնահատականներն էլ դրական լինեն, ապա մինչեւ 2026թ. ներառյալ կտանք շահագործման լիցենզիա»: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, հարց ուղղելով նրան, հետաքրքրվեց դրամական հոսքերի ու վարկերի մասին. «Արդյոք եղե՞լ են խորը ուսումնասիրություններ՝ պե՞տք են այդ ներդրումները: Եթե դրանք չլինեին, ի՞նչ վիճակում կլիներ ատոմակայանը»: Արեգ Գալստյանը հայտարարեց, որ իրենք ունեն ծրագրավորման հնարավորություններ, որով հաշվարկում են միջնաժամկետ ու երկարաժամկետ տարբերակներով, թե էներգաբլոկն ինչպես պետք է աշխատի՝ այս կամ այն հզորությունների պարագայում. «Մենք ստիպողաբար ենք այդ գումարներն ու ներդրումները արել, քանի որ ապագայում բազիսային ռեսուրսների լուրջ պակասուրդ կունենայինք, մանավանդ եթե մեկ այլ էներգաբլոկ չկառուցվի այդ ընթացքում: Այդ դեպքում ջերմային կայանների օգնությամբ պետք է լրացնեինք էներգիայի այդ պակասուրդը»: Նա հիշեցրեց, որ ատոմային էներգիան արժեր 11 դրամ 1 կՎտ/ժ-ը, իսկ ՋԷԿ-երի էներգիան՝ 31 դրամ. «Ստիպված ենք լինելու օգտագործել թանկ էլեկտրաէներգիա: 2019թ., երբ սկսենք վերադրաձնել վարկը, ապա էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ-ի համար 2.5 դրամով կթանկանա՝ ներառյալ ԱԱՀ-ն»: