Համացանցից օգտվողները անվտանգության կանոններին չեն տիրապետում (տեսանյութ)
Համակարգչային սարքն անկողնուն մոտ է պահում մարդկանց 64 տոկոսը, միջինում 8 ժամ նրանցից 30 տոկոսն անցկացնում է համացանցում։ Այս տվյալները պարզ են դարձել «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից իրականացված հարցման արդյունքում, իսկ հարցվողները եղել են լրագրողներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, փաստաբաններ։ Ընդհանուր առմամբ՝ 50 հարցվածներին ուղղվել է 50 հարց։ Հարցին, թե ո՞ր սոցիալական կայքում են գրանցված, բոլորը հարցվածները նշել են «Ֆեյսբուք»-ը, իսկ այլ ցանցերում գրանցվածների թիվն ավելի քիչ է։ Այդ ցանցերում անծանոթների հետ ընկերանում է 42 տոկոսը։ «ԼՀԱ»-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ, այս կապակցությամբ «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն և իրավունք» ձեռնարկն է հրատարակել։ Այստեղ, բացի հարցման արդյունքներից, տեղ են գտել ոլորտի մասնագետներից «Իրավունքի գերակայություն» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ղազարյանի, «Նորավանք» հիմնադրամի տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և իրավունքի մասնագետ, փաստաբան Սարգիս Դարբինյանի հոդվածները։ «Կարծում եմ՝ նոր ձեռնարկը զգալի ներդրում է ոլորտում դրական փորձ զարգացնելու և համացանցում անձնական տեղեկատվության անձեռնմխելիությունը պահպանելու հարցում»,-նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը։ «Հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ խնդիր ունենք, քանի որ համացանցից հաճախակի օգտվող մարդկանց մի խումբ, ինչպիսիք լրագրողներն են, անվտանգության շատ կանոնների չեն տիրապետում, ինչը խնդիրներ է առաջացնում։ Այս համատեքստում աշխատելու շատ տեղ ունենք»,-իր հերթին ասել է «ԼՀԱ» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը։ Իսկ «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ից Արա Ղազարյանի համոզմամբ՝ սա փակ շղթա է։ «Մենք ուզում ենք անվտանգ լինել, բայց միևնույն ժամանակ մեր անձնական տվյալները, լուսանկարները տեղադրում ենք համացանցում։ Պետք է պահպանել տարրական կանոնները՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար»,-շեշտել է նա։