«Երկիր Նաիրի»-ն ամբողջությամբ ֆրանսերեն թարգմանելու համար պետք է 10 տարի (տեսանյութ)
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինիի հետ, ով իրականացրել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ֆրանսերեն թարգմանությունը։ Վեպը, սակայն, թարգմանված է առայժմ հատվածներով, իսկ այդ շարքն ամբողջությամբ թարգմանելու համար բանաստեղծի խոսքերով՝ անհրաժեշտ է մոտ 10 տարի։ Սակայն բանաստեղծը մտադիր է ֆրանսիացի հասարակությանը վեպը մատուցել ամբողջությամբ։ Սրանից զատ, Սերժ Վենտուրինին նախկինում թարգմանել է Սայաթ- Նովայի , իսկ այժմ էլ նախաձեռնել է թարգմանել նաև Նահապետ Քուչակի ստեղծագործությունները։ «Դա Չարենցի կարևորագույն ստեղծագործություններից է, և ունի կյանքի իմաստ և այն պետք է համեմատել Ջեյմս Ջոյսի «Ոդիսևս»-ի հետ։ Ե՛վ Չարենցը, և՛ Սայաթ-Նովան այն հեղինակներն են, որոնց ստեղծագործությունները թարգմանելը շատ դժվար է»,-մեզ հետ զրույցում նշեց պարոն Վենտուրինին։ Ո՞րն է հայ գրողների ստեղծագործություններն ուսումնասիրելու և դրանք ֆրանսերեն թարգմանելու դրդապատճառը. հարցին բանաստեծը պատասխանեց. «Առհասարակ ինձ համար հետաքրքիր է հայերի կյանքը, և հատկապես շատ հետաքրքիր է Հայոց ցեղասպանության թեման, և ես բազմաթիվ ուսումնասիրություններ եմ կատարում այդ ոլորտում»։