Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում հոմեոպաթիկ բուժման դիմում է տարեկան 1000 հոգի (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar4

Հոմեոպաթիան ստեղծել է հանրահռչակ գերմանացի բժիշկ, դեղագործ Սամուել Հանեմանը, և այն աշխարհում գոյություն ունի արդեն մոտ 250 տարի, իսկ Հայաստանում այն ներդրվել է 1993թ-ից, երբ Հայաստան է եկել և հայ բժիշկներին սկսել է հոմեթոպաթիա դասավանդել գերմանացի հայտնի հոմեոպաթ Սաբինե Ցիմերմանը։ Այսօր Երևանում կազմակերպվել էր հոմեթոպաթների 5-րդ համաժողովը, որին մասնակցելու էին եկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի , Ուկրաինայի և շատ այլ երկրների բժիշկ- հոմեոպաթներ։ «Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Մարիամ Ղարաբաղցյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի նպատակն է Հայաստանում հոմեոպաթիայի մակարդակը հասցնել համաշխարհային ճանաչման։ «Հոմեոպաթիան բժշկական մասնագիտություն է, որը բուժում է միայն բնական դեղորայքով, իսկ դեղորայքը պատրաստվում է կենդանական ծագման նյութերից, տարբեր բույսերից, հանքային աղերից և այլն։ Այս մեթոդով բուժման ամենամեծ առավելությունը դեղորայքի ոչ վնասակար լինելն է, քանի որ հոմեոպաթիկ դեղերը չունեն կողմնակի ազդեցություններ»,-շեշտեց տիկին Ղարաբաղցյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում հոմեոպաթիկ բուժման դիմում է բնակչության մոտ 40-50%-ը, իսկ Հնդկաստանում ավելին՝ 70-80%։ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում հոմեոպաթիկ բուժման դիմում է տարեկան 1000 հոգի։ «Կաբինետային բուժօգնության առումով ՝ այն իրականացվում է մի քանի կլինիկաներում, սակայն ցուցանիշներն այդքան էլ շատ չեն։ Կառավարության համապատասխան որոշումով՝ այս բուժումը գտնվում է նեղ մասնագիտական ցանկում, նաև այդ մասնագետներն են Հայաստանում շատ քիչ , սակայն դա որպես այլընտրանքային բուժման տեսակ զարգացած երկրներում բավականին արդյունավետ է ներդրված, իսկ Հայաստանում բուժման այս տեսակը զարգանում դանդաղ քայլերով։ Տարեկան 1000 հոգու բուժումը այս եղանակով, դա շատ քիչ է , եթե համեմատում ենք բուժման այլ տարբերակների հետ, սակայն որպես այլընտրանքային բուժման տեսակ՝ իր առաջին քայլերն է կատարում այստեղ»,- ասաց նա։ Փոխնախարարի խոսքերով՝ Հայաստանում հոմեոպաթիկ բուժմամբ զբաղվում է մոտ 20-25 բժիշկ։