«Ֆրիդոմ Հաուս»-ը մի փոքր ավելի լավ է գնահատել իրավիճակը. լրագրող
«Մամուլի ազատության հարցում առանձնակի կարևորվում է լրագրողի դերը, քանի որ նա է սահմանում մամուլի ազատության սահմանները: Մյուս կողմից ինչքան էլ լրագրողն ուզենա իրացնել իր մասնագիտական իրավունքը, հիմնականում հանրային գործիչներին ու պաշտոնյաներին վերաբերող նյութերից հետո նրա նկատմամբ բռնություն է կիրառվում»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Նա մատնանշում է օրեր առաջ «Ա1+»-ի և «Ազատության» լրագրողների հանդեպ «Մարիոտ» հյուրանոցի տարածքում կիրառված բռնության դեպքը, երբ լրագրողներին թույլ չէին տրվել նկարահանել պատգամավորներին ու գործարարներին: «Այս դեպքն ինձ համար մի քիչ տարօրինակ էր, քանի որ հանրությանը հայտնի մարդիկ նստած էին մարդաշատ սրճարանում և նրանց բոլորը կարող էին տեսնել»,-նշում է պարոն Հայրապետյանը: Նա նաև հիշեցնում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար՝ տուգանքից մինչև 7 տարի ազատազրկում: Սակայն բազմաթիվ միջադեպեր է հիշում, երբ բռնություն կատարողը որևէ պատասխանատվության չի ենթարկվել: «Բոլորը հանրապետականներն են կամ նրանց լավ ախպերները, դրա համար այդ վիճակն է»,-նշում է իրավաբանը: Իսկ իրանական «Ազատության ձայնը» կայքի հայաստանյան լրագրող Ռուբիկ Մինասյանը դժվարանում է երեկ նշվող Մամուլի ազատության օրը շնորհավորել՝ «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հրապարակած տվյալից հետո: Ըստ այդմ, Հայաստանն անազատ մամուլ ունեցող երկրների շարքում է: Ըստ պարոն Մինասյանի՝ Հայաստանում եթե լավ բան է լինում, պետք է զարմանալ: Օրինակ եթե քաղաքաշինությունից հասկացող մարդուն նշանակեն Քաղաքաշինության նախարար, պետք է զարմանալ: Այդ թվում, եթե մամուլն ազատ լիներ, պետք էր զարմանալ. «Հասարակությունն ինքը պետք է պահանջի, որ մամուլն ազատ լինի: Նույնիսկ տպագիր մամուլն ազատ չէ, մի տարի շարունակ կարդացել եմ բոլոր թերթերը, միայն մեկն է ինձ համար ազատ»,-շեշտում է լրագրողը: Մնացածն իր համար անհասկանալի է, թե ինչով են զբաղվում: Նա նույնիսկ կարծում է, որ «Ֆրիդոմ Հաուս»-ը մի փոքր ավելի լավ է գնահատել իրավիճակը. «Կան մարդիկ, որ մեդիա հոլդինգներ են ստեղծում մինչև 2017 թվականը: Չի կարելի նման բան»,-ասում է նա: Նշում է նաև, որ այնպիսի հեղինակավոր պարբերական, ինչպիսին «Նյու Յորք Թայմս»-ն է, ունի ռոբոտ, որը նախագահականից կամ այլ պաշտոնական աղբյուրներից ստացած լուրը ստանում է, վերնագիր դնում և հրապարակում կայքում: «Առանց վերլուծության լուր տալը լրագրողի գործ չի, դրա համար աշխարհում արդեն լրագրող չեն պահում պարզապես լուր հրապարակելու համար»,-ընդգծում է նա: Իրանում, ասում է, Ադրբեջանի նման վատ է մամուլի վիճակը, բայց ժողովուրդը շատ կարդացող է. մշտապես թերթերի պահանջարկ կա: