Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնության ենթարկված չափահաս կանայք նախընտրում են լռել (տեսանյութ)

Հասարակություն
media-kenhtron

Իգական սեռի անչափահասների նկատմամբ նախորդ տարի գրանցվել է սեռական բռնության 13 դեպք, իսկ 2013 թ-ին՝ 63 դեպք։ Այս վիճակագրական տվյալներն այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Նրա խոսքերով՝ սեռական բռնության դեպքերի նվազում է նկատվել նաեւ արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ։ 2014 թ-ին 3 դեպք, իսկ 2013 թ. 13 դեպք։ Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ավագ քննիչ Դավիթ Թումասյանը բռնության դեպքերի նվազումը կապում է «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունների հետ, ըստ որի խստացվեցին պատժատեսակները։ «Օգտագործում էին անչափահասներին իրենց սեռական կարիքները բավարարելու համար՝ գիտակցելով, որ ընդամենը վճարելու են տուգանք՝ որպես պատժատեսակ »,- ասաց Դավիթ Թումասյանը։ Նրա խոսքերով՝ ինչ վերաբերում է աղջիկ փախցնելուն, ապա դա սեռական բռնություն չէ, այլ առեւանգում, իսկ եթե սեռական բռնության է ենթարկվում, ապա ավելանում է եւս մեկ հոդված՝ բռնաբարություն։ Անգամ կողմերի համաձայնության դեպքում չափահասը չի կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։ Հիվանդանոցներից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ 16 տարին չլրացած աղջիկը հղի է եւ հարուցվում է քրեական գործ։ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանի խոսքերով՝ եթե անչափահասների սեռական բռնության դեպքում բարձրաձայնվում է, ապա չափահաս կանայք նախընտրում են լռել կամ դիմումը գրելուց հետո մտափոխվում են եւ հետ վերցնում։