«Մեզ թափոնների հետ չկապեք». Էկոնոմիկայի նախարար
Մեր երկրում տարեկան 39-40 մլն տոննա թափոն է առաջանում, որից 800.000-ը՝ միայն կենցաղայինն է։ «Թափոնների կառավարման խնդիր ունենք այսօր։ Այս հարցով իշխանությունների հետ խիստ անհամաձայնություններ ենք ունեցել, բայց ի վերջո ձևավորել ենք հայեցակարգ, որը դեռ պետք է քննարկվի»,-ասել է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նա շեշտել է, որ թափոնները ոչ միայն աղբի, այլև գերեզմանոցների ու պոչամբարների շրջակայքում արտադրվող վտանգավոր նյութերի արդյունք են։ Բացի այդ, հայաստանյան բնակավայրերը մարդկանց դիմավորում ու ճանապարհում են աղբով։ «Մենք շատ հետ ենք մնացել եվրոպայից, որը հայտարարել է զրո թափոն ունենալու մասին»,-ընգծել է բնապահպանը։ Տուրիզմի զարգացման ծրագրի քննարկումներից մեկի ժամանակ տիկին Դանիելյանն առաջարկել է աղբի հարցը լուծել, թափոնների կառավարում իրականացնել։ «Էկոնոմիկայի նախարարը միանգամից հրաժարվեց, ասաց. «Մեզ թափոնների հետ չկապեք»»,-պատմում է բնապահպանը։ Մինչդեռ, ասում է, տուրիզմի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի առանց աղբի միջավայր ստեղծելը։ Ինքը հաճախ ականատես է եղել, երբ մարզերում տուրիստները տոպրակները ձեռքներին՝ շրջապատի աղբն են հավաքել, մինչդեռ պետք է պատմամշակութային հուշարձաններով զմայլվեն։ Կենսաբան, «Երևակ» կրթահամալիրի ներկայացուցիչ Դոլորես Ղափանցյանն իր հերթին նշել է, որ վերջերս եղել է Լոռու մարզի Ախթալա քաղաքում, որի 3 պոչամբար բաց վիճակում շահագործվում է։ «Դրանցից մեկի թափոնները լցվում էին անմիջապես Դեբեդ գետը»,-շեշտել է նա։ Բանախոսները նշել են, որ չկա մեկ միասնական մարմին, որը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու կլիներ։